Չեխիայի 300 բնակավայրում վարչապետ Բաբիշի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են անցկացվել
Չեխիայի 300 բնակավայրում երեքշաբթի երկրի վարչապետ, միլիարդատեր, «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են անցկացվել, հայտնում է news.rambler.ru-ն՝ Չեխական ռադիոյին հղումով:
Առավել մասշտաբային ակցիան՝ ավելի քան 6000 մարդու մասնակցությամբ, անցկացվել է Բռնո քաղաքում:
Նշվում է, որ մայրաքաղաք Պրահայում ցույց չի անցկացվել: Այդպիսին է եղել ցույցերի կազմակերպիչ, «Ժողովրդավարության համար միլիոն ակնթարթներ» քաղաքացիական նախաձեռնության որոշումը:
Մեկ շաբաթ առաջ Չեխիայի մայրաքաղաքում հանրահավաք էր անցկացվել, որին, կազմակերպիչների տվյալների համաձայն, մասնակցել էր 120 000 մարդ: Ոստիկանությունը հայտնել էր 70 000 մասնակցի մասին: Մայրաքաղաքում վարչապետի հրաժարականի պահանջով հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 23-ին:
Զանգվածային բողոքի ակցիաները երկրում անցկացվում են ապրիլից: Վարչապետին քաղաքացիները մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պետական պաշտոնին սեփական շահերն առաջ տանելու համար: Վարչապետը հերքում է իր հասցեին մեղադրանքները և կոչ է արել իր քաղաքական հակառակորդներին քաղաքական կուսակցություն ստեղծել և մրցել իր կուսակցության հետ խորհրդարանական ընտրություններում:










