Մոսկվայի մետրոպոլիտենում 750 000 տոմսից պատրաստված դրոշ է տեղադրվել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի մետրոպոլիտենի «Կուրսկայա» կայարանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ ուղևորության 750 000 օգտագործված տոմսից պատրաստված դրոշ է տեղադրվել, գրում է tass.ru-ն:
Մետրոպոլիտենի ներկայացուցիչների խոսքով՝ տոնի կապակցությամբ ուղևորներին ռուսական եռագույնի փոքրացված օրինակներ և պետական խորհրդանիշերով կրծքանշաններ կբաժանվեն:
Կայարանում համերգով հանդես կգա նաև «Երաժշտություն մետրոյում» նախագծի Fortuna Brass Band երաժշտական խումբը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում նշվում է Ռուսաստանի օրը: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքի 40 հրապարակներում ամբողջ օրը հանդես կգան «Ժամանակներ և դարաշրջաններ» պատմական փառատոնի մասնակիցները, որոնք ժամանել են ավելի քան 20 երկրից:
Ռուսաստանի օրը տոնվում է 1991թ.-ից՝ երկրի անկախության հռչակումից ի վեր:










