Հռոմում զբոսաշրջիկների համար նոր արգելքներ են սահմանել

20:43 • 12.06.19

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ուժի մեջ են մտել զբոսաշրջիկների վարքագծի վերաբերյալ նոր օրենքները, գրում է The Independent պարբերականը:

Այսուհետ քաղաքում տղամարդկանց կարգելվի գոտկատեղից վերև մերկ շրջել փողոցներում, Տրևիի շատրվանի մոտ կարգելվի աղտոտող ուտելիք ուտելը: Այս օրենքը կգործի մի քանի այլ տեսարժան վայրերում:

Խմելու ջրով շատրվաններից ջուր խմել հնարավոր կլինի միայն շշերով՝ առանց շրթունքներով ջրաշիթին կպչելու: Կարգելվի նաև «սիրային կողպեքներ» կախելը, լուսանկարների դիմաց գումար վերցնելը, Վատիկանի թանգարանում և Կոլիզեումում առանց հերթի ներս մտնելու համար տոմսերի գովազդը, իսկ Իսպանիայի հրապարակի աստիճանաշարի վրա կարգելվի անվավոր ճամպրուկով կամ օրորոցով տեղաշարժվելը:

Հաղորդվում է, որ որոշ խախտումների համար զբոսաշրջիկը նկատողություն կստանա, որոշ դեպքերում էլ ստիպված կլինի մինչև 450 եվրոյի տուգանք մուծել:

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագին նշել է, որ քաղաքում զբոսաշրջիկները միշտ ողջունելի են, սակայն դա չի նշանակում, որ բնակիչները պետք է հանդուրժեն նրանց վատ պահվածքը կամ քաղաքին հասցված վնասները: