Հուսիտները հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա, կան տասնյակ տուժածներ

19:02 • 12.06.19

Եմենական «Անսար ալլահ» շարժման կողմնակիցները՝ հուսիտները, Սաուդյան Արաբիայում հրթիռային հարձակում են իրականացրել Աբհա կուրորտային քաղաքի օդանավակայանի վրա, ինչի հետևանքով 26 մարդ վնասվածքներ է ստացել, գրում է Daily Mail-ը: Տուժածներից 8-ը հոսպիտալացվել են, մյուս 18-ին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են Իրանին՝ պնդելով, որ Թեհրանն ապստամբների խմբին զինել է «առաջնակարգ զինամթերքով»:

Օդանավակայանը, որը Եմենի հետ սահմանից շուրջ 160 կմ հեռավորության վրա է, ժամեր անց վերսկսել է աշխատանքը:

«Այս հարձակումը հավասրազոր է պատերազմական հանցագործության, քանի որ այն թիրախավորում է խաղխաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին»,- ասված է սաուդյան իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:

Վերջին շաբաթների ընթացքում հուսիտները զգալիորեն մեծացրել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակումների հաճախականությունը: Մայիսի 26-ին հաղորդվել էր ապստամբների կողմից Ջիզան քաղաքի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին:

Հիշեցնենք, որ Եմենում կառավարության և հուսիտների «Անսար ալլահ» շարժման միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից: 2015թ.-ի մարտից կառավարության կողմն է անցել արաբական երկրների ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: