Լոս Անջելեսում տղամարդն իր շանը փրկելու համար կռվի է բռնվել արջի հետ
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի արվարձաններից մեկում տղամարդն իր շանը փրկելու համար կռվի է բռնվել արջի հետ, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ տղամարդու տան բակ արջի քոթոթ է մտել, ինչը հետաքրքրել է տանտիրոջ շանը: Որոշ ժամանակ անց քոթոթի ձայնից բակում հայտնվել է նրա մայրը և հարձակվել շան վրա: Տղամարդը փորձել է արջի ձեռքից ազատել շանը և հարվածել է գիշատչին: Արջը կծել է նրա աջ ծունկը և մի քանի այլ վնասվածք հասցրել:
Դեպքի վայր են ժամանել Կալիֆոռնիայի վայրի բնության պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչները և բռնել արջին և նրա ձագին:
Նշվում է, որ տղամարդու և նրա շան առողջությանը վտանգ չի սպառնում: Իսկ մասնագետներն առաջիկայում պատրաստվում են կենդանիներին բաց թողնել վայրի բնություն:










