Ռուս լրագրող Իվան Գոլունովի գործի հետ կապված՝ Պուտինը ոստիկանության 2 գեներալի է աշխատանքից ազատել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ոստիկանության 2 գեներալի աշխատանքից ազատման մասին հրամանագիր է ստորագրել: Նրանք են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Դեվյատկինն ու ՆԳՆ Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի հարցերով վարչության պետ Անդրեյ Պուչկովը, գրում է meduza.io-ն:
Ռուսական «Մեդուզա» լրատվական գործակալության լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումից հետո, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը պահանջել էր աշխատանքից ազատել նրանց:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Մոսկվայի կենտրոնում երեկ հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ է անցկացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:
Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:










