Մեդիայում և սոցիալական ցանցերում իշխանության հասցեին վիրավորանքը, բռնության կոչը սահմանն անցած են. Տ. Կարապետյանը՝ իշխանությունների հասցեին վիրավորանքը քրեականացնելու մասին (տեսանյութ)
Արմեն Խաչատրյանի նախագծին մանրամասն ծանոթ չեմ, ծանոթ եմ գաղափարին, կան դրույթներ, որոնք ընդունելի են, կան դրույթներ, որոնք քննարկման առարկա պիտի դառնան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի` ԱԺ ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի հասցեին վիրավորանքը, նրա աշխատանքին խոչընդոտելը: Տիգրան Կարապետյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կներկայացնի իր դիրքորոշումը քննարկումից հետո:
«Ամեն դեպքում, բռնության քարոզի քրեականացման մասով որևէ առարկություն չկա, իրավական գնահատական պետք է տանք: Նախագծի մասով կունենանք քննարկում»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե իշխանությանն ուղղված վիրավորանքների մասով իշխանությունները մտահոգություններ ունեն, Տիգրան Կարապետյանն ասաց.
«Մեդիայում, սոցիալական դաշտում թվում է, թե սահմանն անցած է, արդեն անձնական դաշտում են վիրավորանքները, բռնության քարոզը և այլն, բայց, ամեն դեպքում, իշխանությունը պիտի պատրաստ լինի քննադատության և այդ քննադատության միջից հանի կարևորը, կառուցողականը, որի շուրջ պիտի լինի երկխոսություն»,-նկատեց նա:
Սյունիքից ընտրված պատգամավորը, ով ժամանակին լարված հարաբերութուններ է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, անդրադարձավ դատարանի վճռով Սուրիկ Խաչատրյանի սնանկացմանը, նշելով, որ նրա հետ կապված ցանկացած գործընթացում կարելի է ենթատեքստեր տեսնել:
«Այս պահին չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվության՝ սնանկացման հետ կապված գործընթացից, բայց ուշադիր կհետևենք, եթե կան հակաիրվական պրոցեսներ, կրկին կդիմենք գլխավոր դատախազին»,-նշեց նա՝ չբացառելով, որ դիտավորյալ սնանկացում կարող էր նախաձեռնվել:
Մանրամասները՝ տեսանյութում:










