ԱՄՆ-ն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակում իրականացնելու մեջ

23:10 • 13.06.19

ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված ենթադրյալ հարձակման համար պատասխանատու է Իրանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դա ԱՄՆ կառավարության կարծիքն է, որ Իրանի կառավարությունն է պատասխանատվություն կրում», - ասել է Պոմպեոն՝ լրագրողների առաջ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Իրանական և արաբական ԶԼՄ-ները հինգշաբթի հայտնել են, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ականակիր նավից է հարձակում տեղի ունեցել, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել: Սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է:

Տուժած նավերի անձնակազմերի բոլոր անդամները տարհանվել են Իրանի տարածք: Լցանավերից մեկի տիրոջ տվյալներով՝ Front Altair-ում 11 ռուս է գտնվել, նրանցից ոչ ոք չի տուժել:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել հրդեհված նավերից մեկը Նորվեգիայի դրոշի ներքո նավարկող Front Altair-ն է, մյուսը՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող Kokuka Courageous-ը: