Անգլիացի մարզիչը պատանի ֆուտբոլիստների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

05:14 • 13.06.19

Անգլիական «Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Բոբ Հիգինսը 24 տարվա և 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ անչափահաս մարզիկների նկատմամբ սեռական ոտնձգության համար: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է BBC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 66-ամյա մարզչի գործողություններից տուժել է 24 հոգի, որոնց մեծ մասը մարզվել են «Սաութհեմփթոնի» «Պիտերբորո Յունայթեդի» ակադեմիաներում:

Դատաքննության ընթացքում տուժածները հայտարարել են, որ միջադեպի հետևանքով իրենք հոգեբանական խնդիրներ են ունեցել:

Նշվում է, որ Հիգինսը պատանի մարզիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել մարզումներից հետո մերսման ժամանակ, ինչպես նաև տանը: