Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել, սխալը դա է. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿ հարցաքննությանը չներկայանալու մասին
«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել»: Լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելուն:
«Ում պետք ա, թող ուղարկեն, և իրենց պարտականությունը կատարեն: Ես ասել եմ՝ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է, դրա համար իրենց պետք է իրենց մասնագիտական գործը կատարեն և այդ հարցը բացահայտեն»,– նշեց նա։
Դիտարկմանը, որ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են բերման ենթարկել իրեն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես թե՛ իմ իրավունքները, թե՛ մյուսներինը լավ գիտեմ, մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն բացահայտեն, դա Քենեդու սպանությունը չի, քաղաքում էլ կամերաներ կան»։
Նա անդրադարձավ իրենց խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի «գործ տալու մասին» հայտարարությանը: «Նա ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, անհիմն բողոք գրելու մասին է խոսել: Դա ասում է ամբողջ Կոտայքի ժողովուրդը: Բարի եղեք և հանդիպեք ժողովրդի հետ, նրանք գնահատական կտան»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Աբովյանի ընտրությունները արժանապատիվ քաղաքացիների պարտությունն էր, Ծառուկյանն ասաց, որ եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվը: «Իրավունք չունի որևիցե մի քաղաքացու վիրավորել: Աբովյանցիները կատարել են իրենց պարտքը՝ անկախ նրանից՝ Գրիգորին են տվել, Վահագին են տվել, Սասունին են տվել... մարդիկ կատարել են իրենց ընտրությունը: Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ... իսկ եթե որևիցե մեկը կփորձի աբովյանցիներին ասել անարժանապտիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին, քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան և բնակարանի մուտքն էին հրկիզել, հարուցվել էր քրեական գործ։ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեն այս քրեական գործում ներգրավել է վկայի կարգավիճակով։ Ծառուկյանը հարցաքննությանը չէր ներկայացել, պատռել էր ծանուցագիրը:










