Կառավարությունն առաջարկում է հետ կանչել աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ ուներ, իսկ օրակարգում մեկ հարց էր՝ «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը վերաբերում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին նախաձեռնությունը։
Նախագծի հեղինակներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը 11 առաջարկ է ներկայացրել, սակայն նա և նախագծի մյուս հեղինակները ներկա չէին նիստին, ինչն էլ դուր չեկավ հանձնաժողովի անդամներին։
«Անընդունելի է, որ նրանք անձամբ չեն ներկայանում։ Եթե իրենք այս հանձնաժողովի նիստին կհասցնեն, ապա հարցը կնայենք եզրակացություն տալու համար։ Եթե ոչ՝ առաջարկում եմ հարցը 2 ամսով հետաձգել»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։
Վերջինիս խոսքից րոպեներ անց նիստին ներկայացավ նախագծի հեղինակներից Սիսակ Գաբրիելյանը։ Իսկ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ինքն էլ է նախագիծը հետաձգելու առաջարկ արել, սակայն հեղինակները հրաժարվել են։
«Իմ կողմից առաջարկ է եղել նախագիծը հետ կանչելու, բայց նախագծի հեղինակները նպատակահարմար են գտել, որ բերեն փոփոխություններն ու թողնեն օրակարգում»,- ասաց Հայրապետյանը:
Վարման կարգով խոսեց նաև հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր համար անհասկանալի է ասպիրանտուրայի հետ կապված դրույթը։
«Ասպիրանտուրայում հիմնականում անվճար են սովորում, միայն հայցորդներն են վճարովի, իսկ հայցորդի ինստիտուտը ասպիրանտուրայի ինստիտուտը չէ։ Իմ տեղեկությամբ՝ նոր օրենքի նախագծով նաև հայցորդի ինստիտուտը դուրս է գալու»,- նշեց Հովհաննիսյանը։
Վերջինս մոտ հարցեր կային նաև փոխհատուցման ու որակական շեմի հետ կապված, սակայն Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այս պահին լայն քննարկում չի կարող լինել՝ աշխատակարգն այլ բան է պահանջում։
«Դրա համար էի առաջարկում նախագիծը հետ կանչել։ Ցավում եմ, բայց միակ տեսակետը, որ հիմա կարող եք ասել, կարող եք ասել ձեր քվեարկության միջոցով»,- շարունակեց Հայրապետյանը։
Մխիթար Հայրապետյանը նաև ներկայացրեց Կառավարության եզրակացությունը նախագծի հետ կապված։
«ՀՀ կառավարություն առաջարկում է, որ գործող օրենսգրքում առաջարկվող դրույթները չընդգրկվեն նախագծում, ըստ էության՝ հետ կանչվի նախագիծն»,- ընդգծեց Մխիթար Հայրապետյանը։
Հարցը դրվեց քվեարկության՝ առաջարկների փաթեթն ընդունվեց, ինչպես նաև հաստատվեց հարցն ԱԺ լիագումար նիստին քվեարկելու առաջարկը։










