Քրեակատարողական ծառայողների կարգավիճակը պետք է հավասարեցվի իրավապահ համակարգի ծառայողի կարգավիճակին․ Տարոն Սիմոնյան

17:43 • 14.06.19

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի հիմնական զեկուցողն է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորը ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

«Քրեակատարողական ծառայողները մեզ ասել են, որ իրենց լիազորությունների կասեցման ժամանակահատվածում աշխատավարձը չի պահպանվում, ինչպես դատախազների, դատավորների և քննիչների պարագայում: Նրանք ևս իրենց համարում են իրավապահ համակարգի ծառայողներ և ցանկանում են, որպեսզի նշյալ լիազորությունը տարածվի նաև իրենց վրա»,- ասաց նա։

Սիմոնյանը գիտի կառավարության մտավախությունների մասին, այսինքն՝ այն, որ քրեակատարողական ծառայողների գործառույթը հավասարեցված է զինվորական ծառայությանը: «Նրանց կարգավիճակը պետք է հավասարեցվի իրավապահ համակարգի ծառայողի կարգավիճակին»,-շեշտեց Տարոն Սիմոնյանը:

Սակայն արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն օրինագծում հակասություն է տեսնում։

«Հակասություն չեք տեսնո՞ւմ աշխատավարձի հաշվարկման առումով: Աշխատանքային օրենսգրքով՝ աշխատավարձը հաշվարկվում է աշխատանք կատարելու դիմաց»,- հետաքրքրվեց Խաչիկյանը:

Ի պատասխան փոխնախարարի՝ պատգամավորը հայտարարեց, որ որևէ հակասություն չկա։

«Այս կարգավորումը կա այլ պաշտոնատար անձանց առնչությամբ, մենք նոր բան չենք ստեղծում: Այն, ինչ կա, ուզում ենք տարածել քրեակատարողական ծառայողների վրա ևս»,-շարունակեց Սիմոնյանը։

Սակայն Տիգրան Խաչիկյանը հավելեց, որ այս դեպում հարց է առաջանում, թե փրկարարը կամ հարկադիր կատարողն ինչո՞վ են պակաս քրեակատարողականի ծառայողներից։ Սիմոնյան էլ հիշեցրեց, որ քրեակատարողական ծառայողները համարվում են իրավապահ համակարգի աշխատակիցներ: