Իսպանացի կոմսուհուն ազատազրկում է սպառնում Անտոնիս վան Դեյքի կտավը յուրացնելու համար
Իսպանիայի կոմսուհի Կրիստինա Օրդովաս Գոմես-Խորդանային մեղադրում են գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի վրձնին պատկանող կտավը յուրացնելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, դատախազությունը կոմսուհու համար 4 տարվա ազատազրկում է պահանջում:
2014 թվականին կոմսուհին հետաքրքրվել է «Աննա Սոֆիա, կոմսուհի դե Կարնարվոն» նկարով, որի վրա ֆլամանդացի նկարիչն աշխատել է 1633-1641 թվականներին: Դիմանկարի տերերը կտավն ուղարկել են Կրիստինա Օրդովասի տուն՝ գնահատման համար:
Կոմսուհին դրա համար 165 000 եվրո է առաջարկել: Տերերը համաձայնել են, սակայն գումարն այդպես էլ չեն ստացել: Կտավը մնացել է կոմսուհու մոտ:
Արվեստի գործը տերերը ձեռք էին բերել 38 500 ֆունտ ստերլինգով՝ գնելով այն Christie's-ի աճուրդում 2009 թվականին:










