«Ոչ մի արտառոց բան». Կրեմլում մեկնաբանել են «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով աղջկա հայտնվելը

11:03 • 14.06.19

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կրեմլում պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ առաջին շարքում «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով աղջիկ էր նստել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Պեսկովն ասել է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա:

«Իհարկե, շապիկը նկատվել է: Նա նստել էր առաջին շարքում: Սակայն դրանում ոչ մի արտառոց բան չկա:  Այստեղ հարցերի առաջացման պատճառ չկա: Շապիկի վրա չկար ոչ մի հակաօրինական գրառում»,- ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կրեմլում պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին շարքում նստել էր մի աղջիկ՝ «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով: Նա Աննա Լուգանսկայան է, որն արարողությանն էր եկել հոր՝ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկու, ինչպես նաև տատիկի ու պապիկի հետ:

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել: