Զարեհ Սինանյանի նշանակումը համարում եմ դրական. նա ծանոթ է և ՛հայաստանյան, և՛ սփյուռքյան միջավայրին. Շահան Գանտահարյան
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի պաշտոնում Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը դրական է համարում: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Սինանյանի ընտանիքը Հայաստանից է, հետևաբար նա ճանաչում է Հայաստանը, նաև երկար տարիներ ապրել է Լոս Անջելեսում, այսինքն՝ ճանաչում է և՛ դասական սփյուռքին, և՛ համեմատաբար նոր ձևավորված սփյուռքին:
«Ե՛վ հայաստանյան իրականության, և՛ դասական սփյուռքի, և՛ նոր ձևավորվող սփյուռքի հետ ծանոթ լինելը նրան կօգնի սփյուռքյան տարբեր հատվածների հետ շփվելու, տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում»,- ընդգծեց Գանտահարյանը:
Հարցին՝ սփյուռքի յուրաքանչյուր համայնք ունի իր յուրահատկությունն ու տարբերությունը, ամերիկյան միջավայրում ապրած Զարեհ Սինանյանը կարո՞ղ է ճիշտ աշխատանք տանել տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, Գանտահարյանը նշեց՝ այդ աշխատանքը պետք է իրականացվի սփյուռքի ներկայացուցիչների հետ պարբերաբար շփումների արդյունքում:
«Այդ աշխատանքում պետք է ներգրավվեն սփյուռքի տարբեր համայնքների անդամներ, որպեսզի հնարավոր չափով իրականացվող ծրագրերը համահայկական տեսք ստանան: Այդ ծրագրերում պետք է մաքսիմալ նկատի առնվեն յուրաքանչյուր համայնքի յուրահատկությունները, այդ համայնքներում բնակվող հայերի մտածողությունը: Ի վերջո, այդ ծրագրերը պետք է բյուրեղացնել ու ստեղծել համահայկական օրակարգ»,- ասաց նա:
Հարցին՝ հատկապես ի՞նչ օրակարգ պետք է ունենա հանձնակատարի գրասենյակը, Գանտահարյանը կարծիք հայտնեց՝ հայրենադարձությունը պետք է կարևոր տեղ զբաղեցնի այդ օրակարգում. «Կարծում եմ՝ հայրենադարձության հարցը պետք է լինի օրակարգում, ընդ որում՝ հայրենադարձություն ոչ միայն ճգնաժամային իրադարձությունների հետևանքով, այլև հայրենադարձություն՝ գաղափարական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական համալիր ծրագրերի հիման վրա: Ես հայրենադարձությունը չեմ ընկալում զուտ զանգվածային տեղափոխում: Կարող են իրականացվել տարբեր ծրագրեր, օրինակ՝ ուսանողներին քաջալերել, ներդրումներ ներգրավել, բնակարանաշինությունը խթանել: Սրանց հիման վրա կիրականացվի հայրենադարձություն: Այս ծրագրերի մշակման համար հանձնակատարը, կարծում եմ, պետք է դիմի սփյուռքի զանազան կառույցներին և մասնագետներին»:










