Հրապարակվել է «Շերեմետևոյում» 41 մարդու կյանք խլած ինքնաթիռի վթարի հարցով նախնական զեկույցը

17:45 • 14.06.19

Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի վթարի հետաքննության արդյունքների նախնական զեկույցը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, փաստաթղթում նշվում է, որ ինքնաթիռի հիմնակմախքն ուսումնասիրելիս վնասվածքներ են հայտնաբերվել, որոնք բնորոշ են կայծակի ազդեցությունից ստացված հետքերին:

Նախնական տվյալներով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռին ժամը 15:08-ին: Ինչպես ենթադրում են Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները, այդ պահին ինքնաթիռը հայտնվել է մթնոլորտային էլեկտրականության ազդեցության տակ, ինչի հետևանքով անջատվել է ավտոպիլոտ համակարգը, իսկ հեռակառավարման համակարգն անցել է Direct Mode («Ուղիղ կառավարում») ռեժիմին:

Օդանավի անձնակազմի աշխատանքը գնահատելու համար մասնագետները դեռ փորձարկումներ պետք է անցկացնեն:  

Հիշեցնենք, որ Sukhoi Superjet 100-ի վթարը տեղի է ունեցել մայիսի 5-ին: Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող օդանավը թռիչքի մեկնարկից 28 րոպե անց վերադարձել է օդանավակայան և վայրէջքի պահին բռնկվել: Միջադեպի հետևանքով 41 մարդ է զոհվել: