ԱՄՆ-ն Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպին Իրանի մասնակցությունն «ապացուցող» տեսանյութ է ներկայացրել, Իրանը հերքում է մեղադրանքները (տեսանյութ)
ԱՄՆ ռազմածովային ուժերը տեսանյութ են տարածել, որում, ըստ նրանց վարկածի, իրանցի զինվորներն Օմանի ծոցում հարձակման ենթարկված լցանավից հեռացնում են չպայթած ականը: Ցածր որակի սև ու սպիտակ տեսանյութում անհայտ լցանավի մոտ մարդկանցով լի փոքր մոտորանավ է երևում, որի գրությունն ու դրոշը չեն երևում:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին CNN հեռուստաալիքին, որ իրանցի զինվորականները, հեռացնելով ականը, փորձել են թաքցնել իրենց մասնակցությունը կատարվածին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված ենթադրյալ հարձակման համար պատասխանատու է Իրանը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ Իրանի մասնակցության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են:
«Այն, որ ԱՄՆ-ն անհապաղ օգտագործեց Իրանի դեմ մեղադրանք առաջադրելու հնարավորությունը՝ առանց որևէ փաստացի կամ ուղղակի ապացույցների, միայն այն մասին է վկայում, որ Բ խումբն անցնում է պլան Բ-ին: Սաբոտաժի ենթարկել դիվանագիտությունը՝ ներառյան Սինձո Աբեին (Ճապոնիայի վարչապետը – Tert.am), և թաքցնել Իրանի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությունը»,- գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:
Նրա խոսքով՝ ինքն ամիսներ առաջ նախազգուշացրել է նման սցենարի մասին: Նա բազմիցս խոսել է Իրանի նկատմամբ մի շարք քաղաքական գործիչների կողմից արվող «անհիմն» մեղադրանքների մասին, իսկ այդ քաղաքական գործիչներին անվանել է Բ խումբ (B Team):
Իրանական և արաբական լրատվամիջոցները հունիսի 13-ին հայտնել էին, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ականակիր նավից է հարձակում տեղի ունեցել, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել: Սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է:
Տուժած նավերի անձնակազմերի բոլոր անդամները տարհանվել են Իրանի տարածք: Լցանավերից մեկի տիրոջ տվյալներով՝ Front Altair-ում 11 ռուս է գտնվել, նրանցից ոչ ոք չի տուժել: Հրդեհված նավերից մեկը Նորվեգիայի դրոշի ներքո նավարկող Front Altair-ն է, մյուսը՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող Kokuka Courageous-ը:










