Կրակել են Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:32 • 15.06.19

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծանր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Նա նշեց, որ Սարհատյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի  հրազենային վնասվածով երեկ գիշերը. նրան վիրահատել են, և հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Գիտակցություն ունի, բայց արհեստական շնչառական ապարատին է միացված, վիճակը  գնահատվում է ծանր»,-ասաց նա, նշելով, որ համայնքապետի կյանքին վտանգ է սպառնում: