Ճգնաժամ Վենեսուելայում. հազարավոր վենեսուելացիներ շտապում են հատել Պերուի սահմանը
Հազարավոր վենեսուելացիներ պատրաստվում են հատել Պերուի սահմանը, նախքան այդ երկրում միգրացիոն օրենքների խստացման ուժի մեջ մտնելը, հայտնում է BBC-ն:
Նոր օրենքների համաձայն՝ Պերուի սահմանը հատելու համար վենեսուելացիները պետք է անձնագիր և վիզա ունենան:
Իշխանությունների հաղորդմամբ՝ միայն հինգշաբթի շուրջ 6000 վենեսուելացիներ Էկվադորից մուտք են գործել Պերու:
Վենեսուելայում քայքայվող տնտեսությունը հանգեցրել է գործազրկության, պարենի և դեղորայքի պակասի: Աղբյուրի հաղորդմամբ՝ հազարավոր քաղաքացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն:
Պերուի նախագահ Մարտին Վիսկարրան պաշտպանել է առավել խիստ միգրացիոն սահմանափակումները:
«Մեր պետությունն իր դռները բաց է արել շուրջ 800 000 վենեսուելացիների առջև: Կարծում եմ, որ միանգամայն տրամաբանական և արդարացված է, որ երկիր մուտք գործելու գործընթացը վերահսկելու համար քաղաքացիներից վիզա պահանջենք»,- հայտնել է նախագահը:










