Մենք ամեն ինչ թափանցիկ ենք արել. Վլադիմիր Կարապետյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը ներկա ՀՀ պատվիրակության 8-րդ անդամի մասին
«Մենք պայմանագիր ենք ստորագրել ռուսական ներդրումային ֆոնդի հետ, ուստի Դավիթ Փափազյանը մասնակցել է այդ՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանը»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Ռուսական ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի ղեկավար Դավիթ Փափազյանը ստորագրել են համաձայնագիր»,- նշեց նա
Ի պատասխան Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք ամեն ինչ թափանցիկ է արվել, Կարապետյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ թափանցիկ ենք արել, հայտարարել ենք, որ փաստաթուղթը ստորագրվելու է Ռուսաստանում և ստորագրվել է: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել է Կիրիլ Դմիտրիևը, իսկ հայկական կողմից՝ Դավիթ Փափազյանը»:
Ինչպես հայտնի է հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նշենք, որ ռուսական Edaily.cam-ը հանդիպման մասին գրել էր. « ՀՀ վարչապետի կայքում կարելի է տեսնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին մամուլի հաղորդագրությունը, որում, տեքստից բացի, կան հանդիպումից լուսանկարներ: Պուտինի հետ ՀՀ պատվիրակության լուսանկարում կարելի է տեսնել պատվիրակության 7 անդամի: Սակայն սեղանի շուրջ հայկական պատվիրակության 8 անդամ է նստած: Ութերորդ մասնակիցը չի երևում նաև կայքում տեղադրված մյուս լուսանկարներում: Ի տարբերություն հանդիպման այլ մասնակիցների, նրա վրա կարելի է նկատել աշխատանքային անցաքարտ: Պարզվում է՝ սյուժեում երևացող անհայտ մասնակիցը Դավիթ Փափազյանն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյանի որդին»:










