«Աշխարհի մասին մեր ընկալումներն աղճատված են». Հրանտ Տեր-Աբրահամյան

14:35 • 17.06.19

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Հրանտ Տեր-Աբրահամյանի և Սամվել Ֆարմանյանի քննարկման թեման այս անգամ աշխարհի հայկական ընկալումներն են՝ ինչպիսին է աշխարհը և նրա սահմանները մեր ընկալումներում, ու որքանով է այն ռացիոնալ կամ արտահայտում իրերի իրական դրվածքը:

Հրանտ Տեր-Աբրահամյանը փաստել է, որ «աշխարհ» ասելով՝ մեր հանրային գիտակցությունում նկատի չի առնվում ամբողջ աշխարհը, մեր ընկալումներում, «աշխարհ» ասելով, նկատի է առնվում Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝  հարակից իր միջավայրով: Դրանից դուրս աշխարհի մասին պատկերացումները մեզանում մշուշոտ են, ինչը խնդրահարույց է և թույլ չի տալիս մեզ ռացիոնալ դիրքերից գնահատելու մեր իրական տեղն ու կշիռը աշխարհում:

Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ «աշխարհ» հասկացությունը հայաստանյան ընկալումներում շարունակում է մնալ մասամբ միֆականացված՝ դիցականացված, գուցեև, շատ ավելի դիցականացված, քան պատմության ավելի վաղ փուլերում է եղել: Եթե այս ամենը բացատրելի էր մարդկության պատմության վաղնջական ժամանակներում, երբ մարդկային իմացությունը սահմանափակ էր, իսկ ժողովուրդների միջև շփումներն ու մշակութային առնչությունները՝ ոչ այդքան սերտ, ապա մերօրյա իրողությունների պայմաններում այն առնվազն իռացիոնալ հարթությունից է: Պատճառներից մեկը, թե ինչու է «աշխարհ»-ի ընկալումն այնպիսին, ինչպիսին Տեր-Աբրահամյանն է ներկայացնում, այն է, ըստ Ֆարմանյանի, որ հայ ժողովուրդն իր պատմական զարգացման ընթացքում մշտապես ձգտել է որպես ընդօրինակման առարկա վերցնել առաջադիմության այն կղզիները, որոնք ընկալվել են որպես կատարելատիպ ու առաջադիմության աղբյուր և դրանով է պայմանավորված, որ «աշխարհ» ասելով, հասկացել են այն հասարակությունները, որոնց հետ հայ ժողովուրդը ձգտել է շփվել և փոխառել առաջադիմական արժեքներ:

Նույնը, իհարկե, մոդիֆիկացված, իներցիայով շարունակվում է նաև այսօր։ Ըստ Ֆարմանյանի՝ «աշխարհ»-ի հայկական ընկալումներում գրեթե բացակայում են աշխարհագրորեն մեր անմիջական հարևանները և լայն մերձավորարևելյան տարածաշրջանը։ Մենք մեր հարևաններին այսօր լավ չենք ճանաչում, իսկ նրանց մասին տեղեկացվում ենք առավելապես միջնորդավորված եղանակով։ «Մշակութաբանության մեջ կա հետևյալ կոնցեպտը․ սեփական ինքնաիդենտիֆիկացիայի համար չափազանց կարևոր է «այլոց» հետ շփումն ու նրանց բացահայտումը, ճանաչումը, որովհետև միայն «այլոց» լավ ճանաչելու արդյունքում է, որ բացահայտում ես քո տարբերությունները և քո հիմնական առանձնահատկությունները»,- կարծիք է հայտնել Սամվել Ֆարմանյանը:

Այս համատեքստում խնդրահարույց է, որ «աշխարհ»-ի մեր ընկալումներում բացակայում է աշխարհագրական մեր անմիջական հարևանությունը, ինչը հանգեցնում է նաև ինքնաիդենտիֆիկացիայի իռացիոնալ դրսևորումների: «Չէ, որ պատմությունը հուշում է, որ առևտուր ու բարեկամություն են անում կամ պատերազմում են նախևառաջ անմիջական հարևանների հետ, ուստիև նրանց համարժեք ճանաչելը արտաքին միջավայրի ռացիոնալ ընկալման կամ դրա բացակայության խնդիր է»,- ասել է Ֆարմանյանը։

Տեր-Աբրահամյանը համաձայնել է, որ հարևանների հետ շփումները կազմակերպելը և նրանց հասարակական շերտերը ճանաչելը մեր հավաքական ինքնության ամենամեծ խնդիրներից է: Նա դրական է համարում մեր հասարակության ներքին մղումը կամ ձգտումը դեպի առաջադիմական հասարակություններ, որտեղ ստեղծվում է նորը, առաջադեմը,  սակայն մյուս կողմից, նա նշում է, որ առկա է ռեալիզմի խնդիրը, քանի որ քո ֆիզիկական գոյությունը որոշակի աշխարհագրական միջավայրում ստիպում է տեղեկացվածության առումով կարևորել հարևան հասարակությունների ճանաչումը: Նա նշել է, որ եթե ադրբեջանական իրողություններին մենք քիչ թե շատ հետևում ենք ունեցած կոնֆլիկտի պատճառով, ինչը մասամբ վերաբերում է նաև Թուրքիային (երկու պարագաներում էլ մեր ճանաչողությունը վերաբերում է բացառապես առկա խնդիրներին և մեծ աշխարհաքաղաքական իրողություններին ու ոչ թե այդ հասարակությունները ճանաչելուն), ապա մյուս հարևաններին և Մերձավոր Արևելքը մենք բավարար չափով ուշադրության չենք արժանացնում, չնայած որ սա մեզ համար թվում է, թե կենսական քաղաքական խնդիր է: Քանի որ հենց այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություններն են, որ պատմության փորձից ելնելով, անմիջական ազդեցություն են ունենալու մեզ վրա՝ մանավանդ հնարավոր ճգնաժամային իրավիճակներում:

Հրանտ Տեր-Աբրահամյանը լուրջ խնդիր է համարում այն, որ նշված երկրներում տեղի ունեցած իրադարձությունների մասին մենք ստանում ենք միջնորդավորված ինֆորմացիա՝ արևմտյան կամ ռուսական լրատվամիջոցներից: «Մենք չունենք մեր աշխարհագրական անմիջական հարևանության վերաբերյալ սեփական հայացք, չունենք սեփական տեղեկատվական հայացք, որը մեզ կպատմի այդ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին հենց Հայաստանի տեսանկյունից, ինչը ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է»,- նկատել է Տեր-Աբրահամյանը:

Ֆարմանյանը կարծիք է հայտնել, որ հասուն քաղաքականության բարձրագույն մակարդակը պետականության կողմից երկարաժամկետ այնպիսի քաղաքականության ձևակերպումն ու իրականացումն է, որը թույլ կտա ժամանակի մեջ ձերբազատվել քո իսկ հավաքական ինքնությանը, ընկալումներին ու հոգեկերտվածքին բնորոշ այն կարծրատիպերից, որոնք քեզ խանգարում են ժամանակին համարժեք ընթացք ապահովելու տեսանկյունից:

Տեր-Աբրահամյանը խնդրահարույց է համարում «աշխարհ»-ի աղճատված ընկալումը նաև առօրյա թվացող՝ սոցիալական խնդիրների վերաբերյալ մեր հասարակության ունեցած պատկերացումների առումով։  «Մեր ձգտումը նմանվելու աշխարհի ամենազարգացած և ամենառաջադեմ հասարակություններին, իհարկե, դրական է, սակայն այն երբեմն այն խիստ մակերեսային է, արհեստական է և ստանում է իռացիոնալ բովանդակություն, քանի որ իր հիմքում չունի իրական՝ ռեալ աշխարհն այնպիսին, ինչպիսին որ այն կա։ Մարդկության մեծ մասն այսօր ապրում է «երրորդ աշխարհում» և լավ չի ապրում, շատ ավելի վատ է ապրում, քան՝ մենք»,- նշում է նա: Կան խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրներին, և համեմատվելով միայն առաջադեմ աշխարհի հետ, շատ իրողություններ մեզանում ռեալ չեն ընկալվում ու գնահատվում, կտրված են աշխարհագրական միջավայրից: Նա մատնանշում է աշխարհում ընթացող բացասական փոփոխությունները՝ պետությունների փլուզում, բարեկեցության ընդհանուր ռեգրես և այլն, եզրակացնելով, որ «աշխարհ»-ի իռացիոնալ ընկալումը չի բերում մեր հնարավորությունների ու ռեսուրսների ռացիոնալ գնահատման և հասանելի ձգտումների։

Մանրամասները՝ տեսանյութում: