Կինոյի մասին օրենք ունենալն այսօր հրատապ խնդիր է դարձել․ Մխիթար Հայրապետյան
Հայաստանի խորհրդարանը ոչ միայն մեր երկրի օրենսդիր իշխանությունն է, այլև մեր երկրի մշակութային արժեքների և գիտելիքների կարևորագույն կենտրոն։ Այսօր «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթն առանձնահատուկ դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում։
«Ճշգրտորեն արտացոլելով դարաշրջանի էական խնդիրները՝ հայկական մշակույթն արձագանքել է ժամանակի պահանջներին, մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդեցության ոլորտում՝ մշակույթը պահպանել է իր ինքնատիպությունն ու եզակիությունը։ Կարևորելով ՀՀ մշակութային կյանքի ձևավորումը, մրցունակ մշակութային արտադրանքի ձևավորումը և ծառայությունների մատուցմանը, ժամանակակից մշակութային զարգացումներն ուղղված քաղաքականությունը՝ մենք արժևորում ու բարձր ենք գնահատում հանրության լիիրավ մասնակցությունն այս գործընթացներին»,- ասաց նա։
Հայրապետյանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ ու հրատապ է դարձել գործուն քայլեր ձեռնարկելը կինոարվեստում պետական, մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթի պահպանման համար։ Նա շեշտեց՝ այսօր Կինոյի մասին օրենք ունենալը հրատապ խնդիր է դարձել։ Պատգամավորը նկատեց, որ Կինոյի մասին օրենք ունենալը նախկինում մեկ անգամ չէ, որ քննարկվել է, սակայն արդյունքի չի հասել։










