Վաշինգտոնյան հանդիպմանը ՀՀ արտգործնախարարն Ադրբեջանի իր գործընկերոջը պետք է խստորեն ասի, որ ընդունելի չէ միաժամանակ բանակցելն ու կրակելը․ Հարութ Սասունյան

22:21 • 17.06.19

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ ամերիկյան քաղաքականությունն այդքան էլ հետաքրքրված չէ Արցախյան հիմնախնդրով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով առաջիկայում Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հանդիպումը կազմակերպելով՝ ակտիվություն է դրսևորում հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

«Միացյալ Նահանգներն ունի Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի հետ հարցեր, որոնք շատ ավելի առաջնահերթ են իր համար: Չեմ կարծում, որ այդ առաջնահերթությունները փոխվել են.Վաշինգտոնի հանդիպումը հերթականն է՝ այս անգամ պարզապես ԱՄՆ-ում»,- ասաց նա:

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր, և ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ:

Հարութ Սասունյանի խոսքով՝ ինքը չի կարծում, որ Հայաստանը հանդիպմանը կարող է օրակարգ թելադրել: «Հայաստանը կարող է պարզապես իր դիրքորոշումն արտահայտել: Համաձայն եմ, որ Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումը բացասական անդրադարձ ունի բանակցությունների վրա: Այս հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը պետք է Ադրբեջանի իր գործընկերոջը խստորեն ասի, որ ընդունելի չէ միաժամանակ բանակցելն ու կրակելը: Մեկը կամ մյուսը: Եթե այդպես շարունակվի, Հայաստանը կարող է բանակցությունները դադարեցնել մինչև Ադրբեջանը խելքի գա»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է կարծում, ԱՄՆ-ը կարո՞ղ է իր առաջարկները ներկայացնել և ազդել լարվածության վրա, ամերիկահայ խմբագիրը պատասխանեց դրական, սակայն նկատեց, որ դրա համար ԱՄՆ-ը նախ պետք ուշադրությունը կենտրոնացնի հիմնախնդրի վրա, ինչը հնարավոր չէ՝ նկատի ունենալով իր համար այլ առաջնահերթ միջազգային հակամարտությունների առկայությունը:

Խոսելով Հայաստանյանի իշխանությունների՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ունեցած քաղաքականության մասին՝ այն, որ ի սկզբանե խոսվում էր խաղաղության օրակարգ նախաձեռնելու մասին, սակայն ադրբեջանական կողմն անցավ ռազմական հռետորաբանության, Հարութ Սասունյանը նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի հայտարարությունները որպես թուլության նշան է ընդունել:

«Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում խաղաղության ուղղությամբ, այլ ճիշտ հակառակը՝ բազմապատկում է իր հարձակումները: Երկրորդ բարդությունը, որ Ադրբեջանն ի նպաստ իրեն է համարում, Հայաստանի և Արցախի պաշտոնյաների վնասակար վեճերն են: Ազերիները մեծ ուրախությամբ հետևում են հայկական ներքին վեճերին և մտածում են՝ հայկական կողմը տկարանում  է՝ իրենց առիթներ տալով նոր հարձակումների և նոր հաղթանակների: Պետք է անմիջապես վերջ տալ մեր ներքին վեճերին: Այս վեճերը ես համարում եմ ազգային դավաճանությանը համազոր»,- ասաց նա: