Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի տներից մեկի բակում. ադրբեջանցի լրագրող (լուսանկարներ)
Հետապնդումների պատճառով Ստրասբուրգում բնակվող ադրբեջանական «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի բակում:
«Հինգ օր առաջ (Ադրբեջանի պաշտպանության նախարար) Զաքիր Հասանովը լուրջ հաջողության է հասել: Զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայում...տներից մեկի բակում»,- գրել է Զահիդովը:
Երբ ադրբեջանցի օգտատերերը սկսել են առցանց տիրույթում հարձակում գործել նրա վրա, նա հրապարակել է նաև ասվածի ապացույցները՝ մի քանի լուսանկար:
Լուսանկարների համաձայն, սակայն, այն կարող է տանկային արկ լինել, ոչ թե հրթիռ:













