Ասում եք՝ արդյոք պետք է շատացնել տարբեր վարչություններում հաստիքները, այո՛ պետք է,  բայց մի կերպ, ճռռալով աշխատում ենք, որ չշատացնենք. Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին

15:52 • 17.06.19

Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկում է քաղաքապետարանի հաստիքակազմի ավելացման հարցը:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը քննադատեց նախագիծը՝ նշելով, որ նույն հաստիաքացուցակն է՝ ավելացրած ՓԲԸ-ների փոփոխությունը, աղբահանության վճարման-գանձման փոփոխությունը:

«Երևի արդեն նշանակություն չունի հիմնավորել, որ ուռճացված հաստիքացուցակ է, նույն բանն է, ինչ նախկինում՝ չհաշված, որ թվաքանակի առումով մեկնարկային փուլում 1998-ը դարձել է 2132: Հիմա նույն նախագիծն է՝ հանած աշխատանքային խումբը: Ես հասկանում եմ, որ կողմ պետք է քվեարկեք, և անցնի այս նախագիծը, բայց օպտիմալացումը կառավարությունում գնում է մի ուղղության վրա, այստեղ մի այլ ուղղության վրա, և մենք, փաստորեն, այն հաստիքացուցակը, ինչ-որ ունեինք նախկինում, համարում ենք օպտիմալ»,- ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ փաստորեն մի մեղադրանք է միայն մնում նախկիններին՝ կոռումպացված էին: «Այսինքն` ամեն ինչ լավ էին անում, միայն կոռումպացվա՞ծ էին: Մենք շատ ենք խոսել հաստիքացուցակների ուռճացման մասին: Նույնիսկ նախորդ շրջափուլի ավարտին կար համաձայնություն՝ սկսել օպտիմալացում վարչական շրջանների եկամուտների հաշվառման հավաքագրման բաժիններից:

Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, մենք ասում ենք՝ թող ունենա 4-ը , 4 օգնական եք առաջարկում, ասում ենք՝ 2 օգնականը բավարար է: Մեր տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19.5 աշխատակից եք բերել տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն: Սա ադեկվա՞տ է մեր քաղաքի համար, ես ասում եմ՝ ոչ»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը:

Վերջինս մեջբերեց իշխող ուժի ասածը, թե ծանրաբեռնվածությունն է ավելացել, ապա հակադարձեց, որ իր իմացած ամենածանրաբեռնված վարչություններից մեկը ճարտարապետական բլոկն է, բայց այնտեղ ավելացել է 0 հաստիք:

«Փաստորեն, դուք ուռճացված հաստիաքացուցակին կո՞ղմ եք»,- հարցեց Խաժակյանը:

Խաժակյանի ելույթին անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այստեղ հնչեց միտք՝ դե, հենա կառավարում էին լավ էլ, լավ է, որ գոնե ասացիք կոռուպցիա կար, թե չէ պատկերացումներս լրիվ կփոխվեր: Լավ է, որ այդ մի հարցում բոլորս միակարծիք ենք»,- ասաց Մարությանը:

«Անցած տարիներին մշակման համար ծավալը շատ ավելի քիչ հաստիք էր պահանջում: Դուք ասում եք՝ արդյոք պետք է շատացնել տարբեր վարչություններում հաստիքները. ես կարող եմ ասել, որ պետք է, բայց մենք մի կերպ, ճռռալով աշխատում ենք, որ չշատացնենք: Այդ վարչության պետերը գալիս զեկույցում են՝ չենք կարող, մեզ մարդ է պետք, ես ասում եմ՝ տղերք, դիմացեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով ավելացնել հաստիքները, բայց այո, կարող  է մի պահ գալ, որ էլի ավելացնենք: Օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, որ մի վարչությունում կբարձրանա, մյուսում կկրճատվի:

Այս պահին այս հաստիքացուցակը, որ կա, մեծ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որոնք գալիս են, որովհետև իրականում մշակվում են այդ դիմումները: Ես ցավում եմ, որ Դուք այդ ամեն ինչը համեմատում եք: Դուք չեք տեսնում այն փաստը, որ չկա որևէ դիմում, որը օրենքից դուրս է մշակվում, կամ ինչ-որ նորմերի խախտմամբ է մշակվում կամ ինչ-որ անուն ազգանունով պայմանավորված է մշակվում»,- ասաց քաղաքապետը:

Խաժակյանն էլ հակադարձեց, թե իրենք քննադատում էին և´ կոռումպացված, և´ անարդյունավետ լինելը: «Հիմա Դուք նախկինների արդյունավետությունն եք փորձում ապացուցել, բերել եք նույն հաստիքացուցակը՝ նույն կառուցվածքով:

Դուք ասում եք՝ քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենաների քանակը օպտիմալ է, հիշեցնեմ, որ 0 մեքենա է օպտիմալացվել: Սա ամենավառ ապացույցն է այն ամենի, որ ինչ-որ ժամանակին քննադատում էիք, հիմա սրբագրում եք և ասում եք՝ նորմալ է»,- հակադարձեց Խաժակյանը:

Ապա Խաժակյանը երեք թիվ ներկայացրեց, և նշեց, որ դրանից էլ երևում է նրանց առաջնահերթությունները. «Մշակույթի վարչություն՝ 14 հաստիք, տեղեկատվության և հասարակության հետ կապի վարչություն՝ 19.5 հաստիք, տրանսպորտի վարչություն՝ 9 հաստիք»:

Մարությանն էլ նշեց, որ այս նիստերը նրա համար են, որ լսեն ու ընկալեն իրար: «Ես ասում եմ՝ եթե առաջ չէր մշակվում, շենքը կառուցվում էր, մարդիկ չէին իմանում որտեղ կառուցվեց, ինչպես կառուցվեց, ինչ պայմաններով, որովհետև ինչ-որ մեկը զանգել է և կառուցվում է, իսկ այսօր այդ մեքենաները օգտագործվում են աշխատանքի համար, որովհետև ամեն մի զանգին վարչության անդամները գնում են և տեղում հասկանում ամեն հարց, վարչությունը հատիկ-հատիկ տեղում նայում է: Առաջ այդպիսի բան չկար, և այդ մեքենաները, այո, ավելորդ էին»,- ասաց նա: