Կառավարության դիմաց ավանակով բողոքի ակցիա արած քաղաքացին ազատ է արձակվել

13:59 • 17.06.19

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը, որը ավանակ էր բերել կառավարության մոտ, բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն արդեն իսկ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչությունից։

«Քաղաքացին բերվել էր ոստիկանություն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 113 հոդվածի խախտման համար։ Իրավախախտման մասին կազմվել է արձանագրություն և ազատ է արձակվել»,- ասացին Ոստիկանությունից։

Նշենք, որ օրենքի խախտումը կապված է կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման հետ։

Հիշեցնեք, որ  Ռազմիկ Դավթյանն ավանակ էր բերել կառավարության մոտ՝ ի նշան բողոքի։ Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ 6-7 տարի է, ինչպես ինքն է որակում, խաբեբա, խարդախ խումբն իր բնակարանը ձեռքից խլել է։ Դավթյանը իր հետ բերել է «Թան խմեք, դինջացեք» բովանդակությամբ պաստառ։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։