Ադանայում հազարից ավելի ոստիկանների մասնակցությամբ գործողություն է անցկացվում ՔԱԿ-ի կողմնակիցների դեմ
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա նահանգում հազարից ավելի ոստիկանների մասնակցությամբ գործողություն է անցկացվում, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ գործողությունն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կողմնակիցների դեմ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում:
Գործողության շրջանակում ձերբակալվել է 45 մարդ, որոնք սերտ կապեր են ունեցել ՔԱԿ անդամների հետ, ինչպես նաև ակտիվ քարոզել են նրանց գաղափարները:
Բոլոր ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:










