Ի պաշտոնե, «Սանիթեկի» վարձակալած տարածքի գործարքի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, շահերի բախում չէր կարող լինել. Վահե Նիկոյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ Tert.am-ը զրուցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների վերաբերյալ, որոնցում մասնավորապես անդրադարձ է կատարվել է «Սանիթեկ» ընկերությանը տրամադրված տարածքի և աղբահանությանը: Հայկ Մարությանը նշել էր, որ չգիտի, թե ինչպես «Սանիթեկի» «գարաժը», գրասենյակները,գտնվում են Վահե Նիկոյանի հոր տարածքում: Վահե Նիկոյանը պարզաբանեց, որ ներկայումս «Սանիթեկի» ավտոպարկի վարձակալած տարածքը պատկանում է հորը։ Ընկերությունը մրցույթում հաղթելուց հետո շուրջ մեկ տարի այլ տարածք էր վարձակալել և գործունեություն իրականացրել, որից հետո վարձակալել էր նաև հորը պատկանող տարածքը։
««Սանիթեկի» վարձակալության և որևէ այլ գործարքներին նույնպես ես որևէ միջամտություն չեմ ունեցել և ի պաշտոնե չէի կարող ունենալ, քանի որ երբևէ չեմ համակարգել այդ ոլորտը և ուղղակի ազդեցության գործառույթներ «Սանիթեկի» նկատմամբ չեմ ունեցել, հետևաբար ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում չէր կարող լինել»,- վստահեցրեց նա:
- Պարոն Նիկոյան, երեկ Երևանի քաղաքապետը նշեց, որ «Սանիթեկ» ընկերության ավտոպարկի տարածքը վարձակալված է Ձեր հոր կողմից՝ ակնարկելով, թե ինչու է մեկ ընկերություն շահել մրցույթը։
- Այո, լսել եմ քաղաքապետի խոսքը և վստահ եմ, որ Դուք էլ տեղյակ եք, որ այս հարցը նախկինում բազմիցս քննարկվել, պարզաբանվել և մամուլում շրջանառվել է, իսկ ինչ նպատակ ուներ իմ անունը շոշափելը, երբ այն որևէ կապ չուներ լրագրողի հարցի հետ, առայժմ փակագծերը չեմ բացի։ Սակայն, քանի որ հարցը բարձրացվել է, կրկին կներկայացնեմ մանրամասն պարզաբանում․ ներկայումս «Սանիթեկի» ավտոպարկի վարձակալած տարածքը պատկանում է հորս։ «Սանիթեկը» մրցույթում հաղթելուց հետո շուրջ մեկ տարի այլ տարածք էր վարձակալել և գործունեություն իրականացրել, որից հետո վարձակալել էր նաև հորս պատկանող տարածքը։ Հայրս իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, և ես ոչ այս դեպքում, ոչ երբևէ չեմ մասնակցել կամ միջամտել իր գործունեությանը։ «Սանիթեկի» վարձակալության և որևէ այլ գործարքներին նույնպես ես որևէ միջամտություն չեմ ունեցել և ի պաշտոնե չէի կարող ունենալ, քանի որ երբևէ չեմ համակարգել այդ ոլորտը և ուղղակի ազդեցության գործառույթներ «Սանիթեկի» նկատմամբ չեմ ունեցել, հետևաբար ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում չէր կարող լինել:
Ինչ վերաբերում է շահարկվող վարձավճարի չափին, ապա նշեմ, որ մեկ քմ վարձակալության տրված տարածքի դիմաց վարձատուին վճարման ենթակա միջին ամսական վարձավճարը կազմում է շուրջ 220 դրամ, ինչը յուրաքանչյուր ոք կարող է համեմատել շուկայական գների հետ և եզրակացություն անել: Ի վերջո, խոսքը վերաբերում է սովորական տարածքի վարձակալությանը, և եթե «Սանիթեկը» գտնում է, որ այն հարմար կամ շահավետ չէ, վաղուց կարող էր հրաժարվել այդ պայմանագրից:
- Պարո՛ն Նիկոյան, այսօր արդեն քաղաքապետը նաև հորդորեց, ըստ էության, Ձեզ վարձակալության տրված տարածքի սանիտարական վիճակը բարելավել, քանի որ հարակից բնակիչները բողոքում են գարշահոտությունից: Ի՞նչ կասեք այս առումով:
-Լսել եմ քաղաքապետի հորդորը, կփոխանցեմ այն հորս, որպեսզի վարձատուի իր լիազորությունների շրջանակներում նախազգուշացնի վարձակալին կատարելու իր պայմանագրային պարտավորությունները, քանի որ իմ տեղեկություններով՝ տարածքի պատշաճ վիճակի ապահովման պարտավորությունները դրված են վարձակալի վրա: Հատուկ ուզում եմ ընդգծել նաև, որ հայրս պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի հետ պայմանագրով վարձատուի իր լիազորությունների շրջանակներում, եթե իրենից կախված որևէ գործողություն կաջակցի քաղաքապետարանին լուծելու քաղաքի աղբահանության հետ կապված խնդիրը:
- Իսկ ի՞նչ կասեք աղբահանության մրցույթում մեկ կազմակերպության շահելու հարցի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է աղբահանության մրցույթում մեկ կազմակերպության շահելուն և ընդհանրապես մրցույթին, կարծում եմ, որ քաղաքապետարանում առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը շուրջ մեկ տարի տևած մրցույթին ծանոթանալու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար։ Նշեմ միայն, որ կազմակերպվել է բաց, թափանցիկ միջազգային մրցույթ, մրցութային հանձնաժողովը եղել է մեծ ներկայացուցչական կազմով՝ բացի քաղաքապետարանի ներկայացուցիչներից ներառելով այլ գերատեսչության և խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի բոլոր նիստերն արձանագրված են, իսկ միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումները՝ տեսանկարահանված, և եթե որևէ մեկի մոտ կասկած է առաջանում մրցույթի անաչառության վերաբերյալ, կարծում եմ՝ այդ նյութերին ծանոթանալուց հետո դրանք կվերանան։ Ասեմ նաև, որ ՀՀ օրենսդրությունը որևէ կերպ չի սահմանափակում նույն կազմակերպությանը երկու լոտերում հաղթող ճանաչվելու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ եթե երկու լոտերում էլ նվազագույն գնային առաջարկը ներկայացրել է նույն կազմակերպությունը, օրենսդրությամբ դու ուղղակի չես կարող հաղթող չճանաչել։
Եվ ընդհանրապես ի՞նչ է նշանակում ծառայությունների մատուցման գնման պայմանագրով ունենալ մոնոպոլ դիրք. դա նույնն է, որ մի կազմակերպություն, առաջարկելով նվազագույն գին, շահի որևէ ծառայության մատուցման մրցույթ, և ասենք, որ այդ կազմակերպությունը ունի մոնոպոլ դիրք։ Բնականաբար, դա այդպես չէ, տվյալ մրցույթով չի սահմանափակվել որևէ կազմակերպության մասնակցությունը, ավելին` առավելագույնս խրախուսվել է լայն իրազեկումն ու մասնակցությունը, և նվազագույն գնային առաջարկով պայմանագիր է կնքվել «Սանիթեկի» հետ, ինչը օրենքի պահանջ էր։ Ինչ վերաբերում է մատուցված ծառայությունների անհամապատասխանությանը պայմանագրի չափորոշիչներին, ապա ինչպես ցանկացած գնման պայմանագիր, այս պայմանագրով նույնպես նախատեսված են բոլոր անհրաժեշտ պատասխանատվության միջոցները։
- Ինչ եք կարծում, քաղաքապետի կողմից անձնավորված Ձեր մասին խոսելը այլ նպատակ ունե՞ր:
- Ես ասացի, որ առայժմ չեմ ցանկանում փակագծերը բացել կամ կարծիք հայտնել քաղաքապետի տրված գնահատականների կամ քաղաքապետարանի գործունեության մասին, որպեսզի որևէ ձևով այն չփոխկապակցվի այս հարցի հետ: Միակ բանը, որ առայժմ կուզենայի ասել, իմ անկեղծ հաջողությունների մաղթանքն է քաղաքային նոր իշխանություններին, քանի որ նրանց հաջողած ցանկացած ծրագիր կլինի Երևանի և յուրաքանչյուր երևանցու հաջողությունը:










