Վճռական «ոչ» ասեք Վահե Գրիգորյանի թեկնածությանը. ԱԺ-ի դիմաց ընթացող ակցիան ավարտվեց
11։30
ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներն ԱԺ խմբակցություններին և առանձին պատգամավորներին կոչ արեցին քվեարկությունից առաջ փորձել հանդես բերել խոհեմություն, քվեարկել Հայաստանի Հանրապետության օգտին, չմտնել ոչ լեգիտիմ քաղաքական գործարքների մեջ և չստանձնել այդ պատասխանատվությունը:
«Այն պատգամավորները, որոնք կքվեարկեն Գրիգորյանի օգտին, նրանք դրանով իսկ կքվեարկեն գրպանային արդարադատություն ձևավորելու օգտին, հետևաբար, մեր կոչն է՝ բոյկոտել, օգտվելով քվեարկության փակ, գաղտնի բնույթից, չքվեարկել կամ դեմ քվեարկել թեկնածուին:
Կոչ ենք անում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին բոյկոտել Գրիգորյանի թեկնածության քվեարկության գործընթացը: Կոչ եք անում չքվեարկել Վահե Գրիգորյանի օգտին նաև «Իմ քայլը» խմբակցության արժանապատիվ պատգամավորին, իսկ մենք կարծում ենք, որ այդպիսիք կան «Իմ քայլում»:
Մենք Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմ թեկնածուի առաջադրումը դատապարտելով հանդերձ՝ նրան համարում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական ներկայացուցիչ և, հետևաբար, մերժելով Վահե Գրիգորյանին, մենք «ոչ» ենք ասում լևոնիզիմին, ֆաշիզմին, կամայականությանը, բռնությանը: Մենք չենք ցանկանում, որ ի դեմս Վահե Գրիգորյանի ՀՀ արդարադատությունը ձեռք բերի ֆաշիստական կամակատար գործիք»,- ասաց ակցիան համակարգողը և ևս մեկ անգամ կոչ արեց պատգամավորներին վճռականորեն «ոչ» ասել Վահե Գրիգորյանին՝ այդպիսով ավարտելով ակցիան:
10:57
Ակցիայի մասնակիցները հարցադրումներ ուղղեցին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին:
Ակցիայի համակարգողը նշեց, որ շուրջ մեկ տարի առաջ Գրիգորյանի հորդորով 10 ՀԿ-ներ և 73 փաստաբաններ կոչով դիմեցին ՀՀ նախագահին, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման և ընտրության հարցում կիրառվի արդարության և իրավահավասարության հիմքի վրա թափանցիկ ընթացակարգով կազմակերպված գործընթաց:
«Նախագահը հետևեց Ձեր հորդորին և նախորդ երեք թեկնածուների առաջադրման ընթացակարգն անցկացրեց մրցութային կարգով, սակայն 2019 թվականի մայիսի 31-ին, երբ առաջադրվում էր Ձեր թեկնածությունը, չգիտես ինչու շրջանցվեց այդ ընթացակարգը:
Կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս կապակցությամբ: Արդյո՞ք արդարացված եք համարում այն ընթացակարգը, որը մեկ տարի առաջ պնդում էիք որպես չափորոշիչ Դուք, իսկ այսօր շրջանցվել է Ձեզ հետ կապված:
Շարունակաբար պնդել եք իշխանության երեք ճյուղերի տարանջատման գաղափարի, ժողովրդավարական սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Այսօր, առաջադրվելով երկրի արդարադատության համակարգի կարևորագույն պաշտոններից մեկի թեկնածու, արդյոք չե՞ք շարունակելու ուղղորդվել՝ «գործադիրը միշտ ճիշտ է»՝ Ձեզ համար ընդունելի կարգախոսով»,- ասաց նա:
Նա Վահե Գրիգորյանին մեղադրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կադր լինելու մեջ:
«Արդյոք նույն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին դատական համակարգն ավելի անկա՞խ է եղել, թե՞ ոչ: 1995 թվականի սահմանադրական հանրաքվեն անցել է առանց կեղծիքների՞, թե՞ ոչ, արդյո՞ք դատական համակարգն ավելի ազատ է եղել 1995-2005 թթ-երին, թե՞ 2005 թվականից հետո ընկած ժամանակահատվածում:
Մենք ցանկանում ենք Վահե Գրիգորյանի կարծիքն իմանալ պարոն Գագիկ Ջհանգիրյանի (նախկին զինդատախազ) մասով. արդյո՞ք Դուք Ջհանգիրյանին համարում եք փորձառու պետական գործիչ, թե՞ ընտրակեղծարարության հիմնադիրներից մեկն է Հայաստանում:
Որքանով եք բարոյական համարում վերցնել մեկ մարդու ձեռքից «մանդատ», որին շուրջ մեկ տարի շարունակ քննադատել եք: Շուրջ մեկ տարի նախագահ Արմեն Սարգսյանին համարելով ոչ լեգիտիմ՝ արդյո՞ք ընտրվելուց հետո կլինեք որպես արդարադատության համակարգի լեգիտիմ դատավոր»,- ասաց նա:
10:52
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու:
«Մենք ամեն ինչ փորձելու ենք անել, որպեսզի այսօր Վահե Գրիգորյանի ընտրվելու գործընթացը չկայանա: Մենք այս պահի դրությամբ չենք ուզում հավատալ, որ մեր նախաձեռնած ակցիան արդյունք չի ունենալու և հետևաբար նաև հետագա քայլերի մասին այժմ բարձրաձայնել չենք ցանկանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցույցը համակարգողը:
Նա նշեց, որ որոշակի կոչեր ունեն, որոնք հնչեցնելուց և իրենց ձայնը լսելի դարձնելուց հետո, ամենայն հավանականությամբ, կդադարեցնեն ակցիան:
«Մեր հորդորը, կոչը ուղղված է ինչպես խմբակցություններին, այնպես էլ առանձին պատգամավորների: Հարցադրումներ ունենք նաև Վահե Գրիգորյանին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սա Վահե Գրիգորյանի երկրորդ առաջադրումն է որպես ՍԴ դատավորի թեկնածու:










