«Հաջորդ շաբաթվանից կսկսվի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին հետ ուղարկելու գործընթացը». Թրամփ

10:31 • 18.06.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը միգրացիոն կոշտ քաղաքականության կողմնակից է, իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած ամերիկյան իշխանությունները կսկսեն միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին հետ ուղարկելու գործընթացը:

«Հաջորդ շաբաթվանից սկսած ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը կսկսի զարտուղի ճանապարհով Միացյալ Նահանգներում հայտնված միլիոնավոր ապօրինի օտարականներին հետ ուղարկելու գործընթացը»,-գրել է Թրամփը՝ ընդգծելով, որ Մեքսիկայի իշխանությունները, օգտագործելով խիստ միգրացիոն օրենքները, շատ լավ աշխատանք են կատարում ներգաղթյալներին կանգնեցնելու հարցում:

Daily Mail-ը հավելում է, որ ներկայում Միացյալ Նահանգներում կա մոտավորապես 12 մլն ապօրինի ներգաղթյալ՝ հիմնականում Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայի երկրներից:

Այս ամիս կնքված համաձայնագրի շրջանակում Մեքսիկան համաձայնել է իր տարածքում պահել Կենտրոնական Ամերիկայից եկած այն ներգաղթյալներին, որոնք ցանկանում են ապաստան ստանալ ԱՄՆ-ում: Նրանք այնքան ժամանակ Մեքսիկայում կմնան, քանի դեռ ամերիկյան դատարանները նրանց հարցով որոշումներ չեն կայացրել:

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նմանատիպ համաձայնագիր ստորագրել նաև Գվատեմալայի հետ: