Կահիրեում հուղարկավորել են նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին
Եգիպտոսի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Մուհամեդ Մուրսիին մահից մեկ օր անց հուղարկավորել են մայրաքաղաք Կահիրեի արևելյան հատվածում: Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով նրա փաստաբանին:
«Նա հուղարկավորվել է Մեդինաթ Նասրում՝ Կահիրեի արևելքում: Արարողությանը ներկա է գտնվել նրա ընտանիքը: Հուղարկավորության աղոթքը կարդացվել է «Թորա» բանտի հիվանդանոցում, որտեղ արձանագրվել է նրա մահը»,-հայտնել է փաստաբան Աբդել Մոնեյմ Աբդել Մասկուդը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախկին նախագահ Մուրսին ուշագնաց էր եղել երեկվա դատական նիստի ժամանակ:
Նա եղել է Եգիպտոսի՝ ժողովրդավար ճանապարհով ընտրված առաջին նախագահը, որի դեմ մի քանի մեղադրանք էր ներկայացվել: Մուրսին երկրի ղեկավարի պաշտոնում է ընտրվել 2012թ., երբ «Արաբական գարուն» շարժման հետևանքով ավարտվել է նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի 30-ամյա իշխանությունը:
Սակայն նախագահ ընտրվելուց մեկ տարի անց՝ 2013թ. հուլիսին, զանգվածային ցույցերի և ռազմական հեղաշրջման հետևանքով Մուրսին հրաժարական է տվել և անմիջապես ձերբակալվել: Այդ ժամանակվանից ի վեր նա գտնվում էր անազատության մեջ:
Այս տարիների ընթացքում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել նրա վերաբերյալ, որ Մուրսիին բանտում կտտանքների են ենթարկում:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նախկին նախագահի մահը «սարսափելի», սակայն միևնույն ժամանակ «միանգամայն կանխատեսելի» է որակել՝ ընդգծելով, որ իշխանությունները նրան թույլ չեն տվել կանոնավոր բուժօգնություն ստանալ:
Amnesty international կազմակերպությունից հայտնել են, որ Մուրսիի մահվան պատասխանատվությունը կրում է երկրի կառավարությունը:










