Պենտագոնն Օմանի ծոցում լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպին Իրանի մասնակցությունն «ապացուցող» գունավոր լուսանկարներ է հրապարակել

10:39 • 18.06.19

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը նոր լուսանկարներ է հրապարակել, որը, կառույցի պնդմամբ, ապացուցում է Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի դեմ ենթարդյալ հարձակմանն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնակցությունը, գրում է Daily Mail-ը:

Բացի այդ՝ Միացյալ Նահանգները մտադիր է ստեղծված լարվածության ֆոնին 1000 հոգանոց զորք ուղարկել Մերձավոր Արևելք: Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտնել է, որ նոր զորքը կտեղակայվի «պաշտպանության նկատառումներով՝ Մերձավոր Արևելքում օդային, ծովային և ցամաքային սպառնալիքների խնդիրը լուծելու համար»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի ցանկանում, այլ պաշտպանում է իր ազգային շահերը:

Պենտագոնի հրապարակած լուսանկարներում, որոնք արվել են ռազմածովային ուղղաթիռից, երևում է, թե ինչպես են իրանական զինված ուժերը Օմանի ծոցում ճապոնական Kokuka Courageous նավթային լցանավից ենթադրաբար հեռացնում չպայթած ականը:

Անցած շաբաթ ամերիկյան կողմը միևնույն գործողության պահը ցուցադրող սև ու սպիտակ, ցածր որակի տեսանյութ էր հրապարակել՝ մեղադրելով Իրանին լցանավերի դեմ հարձակման համար: Իրանը կտրուկ հերքել էր բոլոր մեղադրանքները: 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտնել էր, որ վստահում է միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ի գնահատականին՝ չկասկածելով, որ մեղավորն Իրանն է: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը նույնպես միջադեպի համար մեղադրել է Իրանին՝ կոչ անելով միջազգային հանրությանը «վճռական դիրքորոշում» զբաղեցնել, մինչդեռ Գերմանիան Միացյալ Նահանգների ներկայացրած ապացույցները բավարար չէր համարել համապատասխան դիրքորոշում զբաղեցնելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում հարձակում էր տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ենթադրյալ հարձակումը տեղի է ունեցել ականակիր նավից, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել, սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է: Տուժած նավերի անձնակազմերի բոլոր անդամները տարհանվել են Իրանի տարածք: