20 վայրկյանանոց տեսանյութը փրկել է փոքրիկ բրիտանուհու կյանքը
Անգլիական Գրեյվզենդ քաղաքի 30-ամյա բնակչուհի Ջեյդ Ռոդֆորդի նկարած տեսանյութը փրկել է նրա երեխայի կյանքը: Ինչպես հայտնում է The Mirror-ը, փոքրիկ Էլլան մի քանի օր շարունակ հիվանդ է եղել: Բժիշկը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել և մորը խորհուրդ է տվել աղջնակին տուն տանել:
Տանը երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նա սկսել է շնչահեղձ լինել, փոխվել է երեխայի մաշկի գույնը, ջերմությունը բարձրացել է: Ռոդֆորդը հեռախոսով նկարել է երեխային, ապա զանգել շտապօգնություն: Նրան խորհուրդ են տվել չսպասել բժիշկներին և երեխային հիվանդանոց բերել:
Այնտեղ բժիշկները դժվարացել են գնահատել երեխայի վիճակը, սակայն մայրը ցուցադրել է տեսանյութը, որից հետո Էլլային շտապ հոսպիտալացրել են` ախտորոշելով արյան վարակ: Փոքրիկը 12 օր շարունակ մնացել է հիվանդանոցում:
«Եթե չլիներ այս տեսանյութը, աղջիկս ողջ չէր մնա: Բժիշկները կզննեին նրան և տուն կուղարկեին, ինչպես առաջին անգամ: Ինչ-որ մի բան ինձ հուշեց, որ երեխայիս հետ տարօրինակ բան է կատարվում: Այս տեսանյութը փրկեց նրա կյանքը»,- պատմել է Ռոդֆորդը:










