Այսինքն՝ ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք է դնեմ «ռամկայի» մեջ, կախեմ պատի՞ն՝ Այվազովսկու նկարի կողքի՞ն. Գագիկ Ծառուկյան

12:05 • 18.06.19

Այսինքն՝ ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք է դնեմ «ռամկայի» մեջ, կախեմ պատի՞ն՝  Այվազովսկու նկարի կողքի՞ն. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին,  թե ինչու է առաջին անգամ ՔԿ-ի ուղարկած ծանուցագիրը պատռել:

Հարցին՝ ստացել է նոր ծանուցագիր, դրա հետ ինչպես է վարվելու, պատասխանեց, որ ստացել է և իր փաստաբանի միջոցով է պատասխանել այդ ծանուցագրին:

«Իմ գնալու կարիքը չկա: Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է՝ պատգամավորն ազատ է կարծիք հայտնել, ես իմ փաստաբանի միջոցով ՔԿ-ին ուղարկել եմ, որ դա իմ անձնական կարծիքն է եղել որպես պատգամավոր»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը՝ ՔԿ-ի ծանուցագիրը պատռելը անհարգալից վերաբերմունք էր իրավապահ մարմնի հանդեպ, Ծառուկյանը պատասխանեց. «Անհարգալից վերաբերմունք էր առաջինը Ծառուկյանի հանդեպ, ըստ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի, իրենք իրավունք չունեին ուղարկել ինձ, բայց քանի որ ուղարկել են, ես էլ հարգել եմ ու իմ փաստաբանի միջոցով ուղարկել եմ պատասխանը»:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենայի և տան մի հատվածի հրդեհմանը, Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Մենք շատ ուրախ կլինենք, որ դա բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Մեղավորները պետք է բացահայտվեն, այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկիներ» են, որ երբ 7 երեխա է քնած, նման բան են արել: Արհեստական սարքել են: Դա շինծու սարքած գործ էր»: