Թրամփն ամերիկյան անօդաչուի խոցմանն ի պատասխան Իրանին հարվածելու թույլտվություն է տվել, սակայն վերջին պահին հետ է կանգնել. լրատվամիջոցներ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն է տվել Թեհրանին հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ անանուն պաշտոնյայի հղումով:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ կործանիչներն ու նավերը կազմ-պատրաստ են եղել, սակայն Իրանի ուղղությամբ որևէ հրթիռ այդպես էլ չի արձակվել: Թրամփը վերջին պահին դեմ է գնացել պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելի խորհրդին՝ որոշելով չհարվածել: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ հարվածները կարող են իրականացվել ավելի ուշ:
Անցած գիշեր Թրամփը Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսական առաջնորդների հետ. քննարկվել են Իրանին համարժեք պատասխան տալու հավանական տարբերակները:

Այդ հանդիպումից հետո ԱՄՆ ռազմական և դիվանագիտական ոլորտների պաշտոնյաները համոզված են եղել, որ Իրանի ուղղությամբ հրթիռակոծում է իրականացվելու:
Ամերիկյան կողմի հարձակման հավանական թիրախներից մեկը եղել է S-125 Neva/Pechora «ցամաք-երկինք» դասի հրթիռային համակարգը, որով էլ, ամենայն հավանականությամբ, խոցվել էր ամերիկյան անօդաչուն: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նախքան հանդիպումը Թրամփը չէր բացառել, որ US Global Hawk անօդաչուն կարող էր խոցված լինել «սանձարձակ և հիմար իրանցի զինծառայողի կողմից՝ առանց Թեհրանի թույլտվության»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ԱՄՆ-ն սկզբում հերքել էր, որ Իրանն ամերիկյան անօդաչու է կործանել: Իրանն իր հերթին հայտարարել էր, որ լրտեսական անօդաչուն ներխուժել էր երկրի օդային տարածք և խոցվել է հարավային Հորմոզգան նահանգի երկնքում: Այնուհետ ամերիկյան կողմն ասել էր, որ իրենց անօդաչուն խոցվել է Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում՝ իրանական «ցամաք-երկինք» դասի հրթիռով:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ Իրանը երբեք թույլ չի տա խախտել իր օդային սահմանները:
«Մեր օդային տարածքը կարմիր գիծ է, և Իրանը մշտապես ուժեղ պատասխան է տալու օդային սահմանների խախտման ցանկացած դեպքի»,-ասել է պաշտոնյան:

Երկու պետությունների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները:










