«Ոսկե ծիրանի» կայքում նախապես ներկայացված է եղել ֆիլմերի հերթականությունը. փառատոնի պատասխանատուն՝ քարոզչական ֆիլմերի ցուցադրության մասին

13:47 • 12.07.19

Առհասարակ աշխարհում կարճամետրաժ ֆիլմերը չեն ներկայացվում առանձին-առանձին, ու մենք էլ այդ որոշումն ընդունեցեինք: Տոմսը մեր պարագայում վաճառվում է 1000 դրամ, որպեսզի հանդիսատեսն այդ 1000 դրամի դիմաց չստանա 15 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ: Կինոնկարները ներկայացվում են բլոկերով, այսինքն՝ 3-ական ֆիլմերով, որ հանդիսատեսը դիտի մեկ լիամետրաժի տևողությամբ ֆիլմ: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառմանը, պարզաբանեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել այն մասին, որ հրավիրված է եղել՝ դիտելու ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմը, որի փոխարեն, սակայն ցուցադրվել է սկզբում թուրքական, ապա վրացական արտադրության ֆիլմ: Վերջինս պատմում է տրանսգենդեր կնոջ մասին: Ֆիլմի վերաբերյալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքում գրված է՝ «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։

Tert.am-ի հետ զրույցում Կարեն Ավետիսյանը պարզաբանեց, որ փառատոնի կայքում և տպագրված ծրագրում գրված է՝ ցուցադրվելու 3 ֆիլմ հենց այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ ցուցադրվել է՝ թուրքական, վրացական և հայկական:

«Ծրագրի մեջ միանշանակ նշված է եղել ֆիլմերի հերթականությունը ու վրացական ֆիլմի՝ «Հասարակության գերին» ֆիլմի պարագայում հատուկ նշվել է նաև «18+»-ը:

Կարեն Ավետիսյանը, անդրադառնալով ֆիլմերի քարոզչական լինելու հարցին, ասաց՝ ֆիլմերն ընտրվում են ընտրական հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ:

«Իսկ ինչ վերաբերում է գրառմանը, թե հաղորդավարները Արուսյակի ֆիլմը քիչ են ներկայացրել, ապա ես դահլիճում չեմ եղել, որ ասեմ՝ որքանով է քիչ ներկայացված եղել Արուսյակի ֆիլմը, միայն կարող եմ ասել, որ ինքը, որպես հեղինակ, բեմ բարձրացել է: Առհասարակ այն հեղինակները, որոնք ներկա են լինում դահլիճում, իրենք հրավիրվում են բեմ: Վրացական ֆիլմի դեպքում առանձին չի շեշտվել, որովհետև հեղինակը դահլիճում չի եղել:

Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա «Ոսկե ծիրան»-ի՝ ԼԳԲՏ համայնքի մասին խոսելու հակվածության վերաբերյալ պնդումները արդարացի չեն, քանի որ էդ թեմայով ֆիլմերը ընդհանուր փառատոնային ծրագրի 3 տոկոսն էլ չեն կազմում: Էդ թեմայով կա 1-2 ֆիլմ՝ 120 ֆիլմերի մեջ»:

 

«Ոսկե ծիրանի» կայքում նախապես ներկայացված է եղել ֆիլմերի հերթականությունը. փառատոնի պատասխանատուն՝ քարոզչական ֆիլմերի ցուցադրության մասին