Շոտլանդիայում վիկինգների ժամանակաշրջանի կառույց են հայտնաբերել (տեսանյութ)
Հնագետները շոտլանդական Ռաուզի կղզում հնագույն կառույցի ավերակներ են հայտնաբերել, որը կառուցվել է 10-12-րդ դարերում՝ վիկինգների ժամանակաշրջանում:
Ինչպես ներկայացնում է СNN-ը, մասնագետները ենթադրում են, որ այն եղել է տոնախմբությունների համար նախատեսված դահլիճ, որը ժամանակին պատկանել է առաջնորդ Սիգուրդին:
Հայտնի է, որ 9-րդ դարում կղզին գրավել են վիկինգները: Այդ պատմությունը նկարագրված է ազգային ավանդազրույցում: Ասքերից մեկում հիշատակվում է Ուեսթնեսցի Սիգուրդի մասին, որը կառավարել է 12-րդ դարում:
Կառույցի պատերի լայնությունը կազմում է 1 մետր, իսկ շենքի լայնությունը հասնում է 5 մետրի, երկարությունը՝ 13 մետրի:
Ավերակներից բացի նաև մի քանի կենցաղային առարկաներ են հայտնաբերվել, ինչպես օրինակ՝ ոսկորից պատրաստված սանր, իլիկ, կերամիկական անոթներ և այլն:










