Huawei-ն ներկայացրել է տեխնոլոգիական լայն հնարավորություններ ընձեռող Cyberverse խառը իրականության հարթակը
Հեռուստահաղորդակցման սարքավորումներ արտադրող Huawei ընկերությունը ներկայացրել է VR և AR (վիրտուալ և հավելյալ) խառը իրականությունների ծառայությունների Cyberverse հարթակը, որն օգնում է մարդկանց կողմնորոշվել տարածության մեջ և ավելի շատ տեղեկություն ստանալ շրջակա միջավայրի մասին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին չինական ընկերությունը հայտնել է Huawei Developer Conference - 2019 եռօրյա միջոցառման շրջանակներում:
«Cyberverse-ը նոր աշխարհ է՝ համալրված շրջակա միջավայրի մասին նոր գիտելիքներով», - նշել է Huawei-ի ռազմավարության գծով փորձագետ Վեյ Լուոն:
Շնորհանդեսի ժամանակ ծառայությունն օգտագործելու տեսաօրինակ է ցուցադրվել. մարդը կարող է հեռախոսի տեսախցիկը պահել Huawei-ի մասնաշենքի վրա և տեսնել երթուղու մասին ողջ տեղեկությունը, շենքերի համարները, հանդիպումների համար ազատ տարածքները, ինչպես նաև խաղեր խաղալ, ինչպես օրինակ՝ PokemonGo:
Փորձագետի խոսքով՝ այս տեխնոլոգիան, ընդհանուր առմամբ, կարող է փոխել մի շարք բնագավառների զարգացմանն ուղղված աշխատանքների մոտեցումը: Մասնավորապես, այն կարող է կիրառվել զբոսաշրջության ոլորտում, երբ այս կամ այն շրջանի վրա ուղղորդելով տեսախցիկը, ճանապարհորդը տեղեկություններ կստանա զբոսաշրջային վայրերի, քանդակների, թանգարանների մասին: Այս ծառայությունն օգտակար կլինի նաև գնումներ կատարելու, հիվանդանոց կամ օդանավակայան այցելելու համար:










