Կանաչ կրիաները ոչնչացման եզրին են, քանի որ օվկիանոսում պլաստիկը շփոթում են սննդի հետ. հետազոտություն (լուսանկարներ)
Կանաչ ծովային կրիաներն օվկիանոսում պլաստիկը շփոթում են սննդի հետ, ինչը ճակատագրական է դառնում նրանց համար, այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել գիտական նոր հետազոտության անդամները, գրում է Daily Mail-ը:
Անգլիայի Էքսեթերի համալսարանից գիտնականների պնդմամբ՝ կանաչ կրիաները կանգնած են ոչնչացման եզրին, քանի որ կենդանիները պոլիէթիլենային տոպրակները, ձկնորսական ցանցի կտորները շփոթում են սննդի հետ:
Գիտական հետազոտությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Կիպրոսի ափերին հայտնաբերվել են սատկած կանաչ կրիաներ:
Կանաչ կրիաների վրա պլաստիկի ունեցած ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 34 կրիաների աղիները: Պլաստիկ է հայտնաբերվել 19 կրիաների մոտ, որոնց աղեստամոքսային տրակտն ամբողջովին ուսումնասիրվել է: Կրիաներից մեկում հայտնաբերվել է մինչև 183 պլաստիկի կտոր: Հետազոտության մասնակիցների խոսքով՝ պլաստիկը խցանում է առաջացնում կենդանիների աղիներում:
«Ծովային կրիաները սնունդ են ընտրում դրանց չափի և ձևի միջոցով, և այս ուսումնասիրության մեջ մենք համոզիչ ապացույցներ ենք գտել առ այն, որ կանաչ կրիաները նախընտրում են որոշակի չափերի, ձևերի և գույների պլաստիկը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աշխարհի բոլոր օվկիանոսները լի են պլաստիկով: Ընդ որում՝ կետերը, դելֆինները նույնպես դրանք կուլ են տալիս՝ կարծելով, թե սնունդ է, և շուտով այս կենդանիները նույնպես կարող են հայտնվել ոչնչացման եզրին:
Հաղորդվում է նաև, որ ձկները, որոնք սնվում են պլաստիկով, դառնում են մարդկային սնունդ, ուստի մարդիկ նույնպես անուղղակի կերպով դառնում են պլաստիկի զոհ:












