Էական չէ՝ հանքը վնաս է, վնաս չէ, այստեղ գոյություն ունի համահայկական պահանջ՝ Ամուլսարում չպետք է լինի հանքարդյունաբերություն. Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
Այդպիսի փորձաքննությունները չեն կարող մեզ մոտ կարծիք փոխել, մեր որոշումը վերջնական է` Ամուլսարում հանքարդյունաբերության էջը համարում ենք փակված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
«Մենք մինչ փորձաքննության արդյունքների պատրաստ լինելն էլ ասել ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը դուրս է եկել պայքարի ոչ միայն բնապահպանական ռիսկեր տեսնելու պատճառով, այլ այս պայքարը բազմաշերտ է. գոյություն ունի առողջարանային գոտու հետագա ճակատագրի հարցը, համայնքի բնակչության խախտված իրավունքների խնդիրը, այսինքն՝ սա միայն բնապահպանական հարց չէ: Մեզ մոտ մի ամբողջ փորձաշրջան է անցել, և բնակիչը իր աչքերով է տեսել, թե ինչ է կատարվում Ջերմուկում, երբ իրենք սարում աշխատում են,»-ասաց նա և նշեց, որ իրենք կարիք չունեն փորձաքննության:
«Երբ մենք նայում ենք հարուցված քրեական գործին, «Լիդիան»-ի մասին խոսակցություն չպետք է լիներ, քանի որ քրեական գործը հարուցվել էր բնապահպանական որոշ պաշտոնյաների վրա, ոչ թե «Լիդիան»-ի»,-ասաց նա:
Շիրակ Բունիաթյանը նշեց, որ իրենք իրենց համարում են հեղափոխության գաղափարախոսության կրողներից մեկը. «Ինքներս մասնակցել ենք հեղափոխությանը, որի գաղափարախոսության հիմքում դրված է ժողովրդավարությունը, և քանի դեռ չկա կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով որոշում Ամուլսարի հարցով, քանի որ լինելու է քաղաքական որոշում, մենք շարունակելու ենք հավատալ այս հեղափոխության գաղափարախոսությանը` հանձին Նիկոլ Փաշինյանի»:
Ջերմուկի բնակչի խոսքով՝ այնպես չէ, որ «Էլարտի» փորձաքննության արդյունքները դրական են հանք շահագործելու համար, քանի որ մտահոգություններ նշում են: Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ըստ որի` եթե պարզվի, որ անգամ 1 տոկոս ազդեցություն կա Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, ուրեմն այդ հանքը չի շահագործվելու:
«Կառավարության կողմից չունենք ոչ մի արձագանք, բայց այսօրվա հավաքի գերնպատակը այն է, որ անկախ փորձաքննության արդյունքներից՝ Ջերմուկի համայնքի բնակչությունը դուրս է գալիս վերահաստատելու իր դիրքորոշումը, որ այդպիսի փորձաքննությունները չեն կարող մեզ մոտ կարծիք փոխել, մեր որոշումը վերջնական է և Ամուլսարում հանքարդյունաբերության էջը համարում ենք փակված»,-ասաց նա:
Նա նշեց, որ ցանկալի կլինի այսօր Նիկոլ Փաշինյանը գա, հանդիպի բնակիչների հետ, իսկ եթե չգա, կհասկանան, որ դեռ չի հասցրել ծանոթանալ փորձաքննության արդյունքներին, քանի որ ծավալը մեծ է:
«Եթե փաստերը այնպիսին լինեն, որ Նիկոլ Փաշինյանը կայացնի որոշում, որը կհամընկնի ժողովրդի պահանջին, պետական շահին, այսինքն՝ Ամուլսարում հանքարդյունաբերություն չի լինի, ապա քննարկելու բան չի լինի, իսկ եթե պետք է կայացվի այնպիսի որոշում, որը որ քննարկելի է, վստահ եմ Նիկոլ Փաշինյանը կփորձի քննարկել համայնքի բնակիչների հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե, այնուամենայնիվ, հանքը շահագործելու որոշում կայացվի, ինչպիսի՞ն կլինեն բնակիչների քայլերը, Շիրակ Բունիաթյանը նշեց, բոլոր արդարացված ձևերով կպայքարեն:
«Մենք կարծում ենք, որ Ամուլսարը պետք է դառնա Հայաստանում ժողովրդավարության ամենավառ օրինակը: Այս հանքի շահագործումը վնաս է, վնաս չէ, էական չէ, այստեղ գոյություն ունի համահայկական պահանջ, որ Ամուլսարում պետք է չլինի հանքարդյունաբերություն: Մենք կարծում ենք, որ այսօրվա կառավարությունը ինչ-որ մեկի բիզնես շահերը ավելի վեր չի դասի ժողովրդի պահանջից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրաքվեի միջոցով հարցի լուծմանը հասնելուն, նա ասաց՝ քանի որ Ամուլսարը երկու մարզերի մեջտեղում է գտնվում և Հայաստանի ջրերի սրտում, ուստի եթե անցկացվի հանրաքվե, պետք է լինի համահայաստանյան հանրաքվե, ոչ թե համայնքային կամ մարզային: «Հայ ժողովուրդը պետք է մասնակից լինի այս սարի ճակատագրի որոշմանը և վստահ ենք, որ արդյունքները մեր պահանջին համահունչ կլինեն»,-ասաց նա:










