Youtube-ը Հոնգկոնգում տիրող իրավիճակի վրա ազդել փորձող ավելի քան 200 տեսաալիք է ջնջել
Google ընկերությունը YouTube-ից ավելի քան 200 ալիք է ջնջել, որոնք փորձել են Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնգկոնգում ստեղծված իրավիճակի վրա «համակարգող ազդեցություն» թողնել, գրում է cnet.com-ը:
«Մենք 210 ալիք ենք ջնջել YouTube-ից, երբ հայտնաբերել ենք, երբ դրանցում համակարգված կերպով տեսանյութեր են բեռնվել՝ կապված Հոնգկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետ»,- ասված է Google-ի սպառնալիքների հետազոտության խմբի ղեկավար Շեյն Հանթլիի հայտարարության մեջ:
Նշվում է, որ արգելափակված տեսաալիքների օգտատերերն իրենց գտնվելու վայրը թաքցնելու համար տարբեր մեթոդներ են կիրառել: Այս շաբաթ համանման պատճառներով Twitter սոցկայքում «Հոնգկոնգում քաղաքական տարաձայնություններ սերմանելու դիտավորյալ փորձեր իրականացնող» 936 էջ է արգելափակվել:
Հիշեցնենք, որ Հոնգկոնգում մի քանի ամիս է՝ բողոքի ցույցեր են ընթանում, որոնք սկզբում դեպի Չինաստան արտահանձնման օրենքի նախագծի դեմ էին, սակայն ավելի մեծ մասշտաբի են հասել և այժմ ուղղված են Հոնկոնգի կառավարության և քաղաքական առաջնորդների դեմ: Օգոստոսի 18-19 իրականացված ակցիաներին 1,7 մլն մարդ է մասնակցել:










