Բրազիլիայի դեսպաններին արձակուրդից հետ են կանչել՝ Ամազոնի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի պատճառով

10:06 • 27.08.19

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի արձակուրդից հետ է կանչել Եվրոպայում և G7-ի անդամ երկրներում իր դեսպաններին, որպեսզի համակարգի Ամազոնի շրջանում անտառային հրդեհների շուրջ այլ երկրներում տիրող մտահոգությունների դիվանագիտական պատասխանը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:

ԱԳՆ-ն արգելել է որոշ դիվանագետների առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արձակուրդ գնալ՝ երկրի հասցեին համաշխարհային քննադատության ֆոնին: Գործակալության համաձայն՝ որոշումը կայացվել է Բրազիլիայի ԱԳ նախարար Էռնեստու Արաուժուի կողմից` պետության ղեկավար Ժայիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ ակումբի անդամ երկրները համաձայնության են եկել Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների դեմ պայքարին ֆինանսական օժանդակություն հատկացնելու շուրջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ G7-ի երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, 22 մլն դոլար կտրամադրեն անտառային հրդեհների դեմ պայքարին:

Մակրոնը հստակեցրել էր, որ ֆինանսավորումն «անմիջապես» հասանելի կլինի և հիմնականում ուղղված կլինի ավելի շատ հրշեջ ինքնաթիռների ներգրավմանը:

Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի կառավարությունը պատրաստվում է հրաժարվել ֆինանսական այն օժանդակությունից, որն առաջարկել էին «Մեծ յոթնյակի» (G7) երկրները: 

«Հնարավոր է՝ ֆինանսական այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելու համար: Մակրոնը չկարողացավ խուսափել Նոտր Դամում բռնկված հրդեհից և դեռ մտադիր է մեզ ինչ-որ բա՞ն սովորեցնել: Նա դեռ շատ գործեր ունի տանը` Ֆրանսիայում»,- ասել էր քաղաքական գործիչը: