Apple-ը միջոցներ կհատկացնի հրդեհներից հետո Ամազոնի անտառների վերականգնման համար
Apple-ի ղեկավար Թիմ Քուկը հայտարարել է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի հրդեհներից հետո Ամազոնի անտառների վերականգնման համար: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն:
«Ցավալի է հետևել, թե ինչպես են հրդեհներն ու ավերածությունները դատարկում Ամազոնի անտառները, որոնք աշխարհի ամենակարևոր էկոհամակարգերից են: Apple-ը միջոցներ կհատկացնի, որպեսզի օժանդակի կենսաբազմազանության պահպանմանը և Ամազոնի անտառների վերականգնմանը»,- ասել է Քուկը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ G7-ի երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, 22 մլն դոլար կտրամադրեն Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարին:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է և կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:










