Ստորջրյա ուղիներ, թռչող տաքսիներ և արձակուրդ տիեզերքում. փորձագետները հայտնել են, թե ինչպիսի տեսք կունենա Երկիր մոլորակը 50 տարի անց (տեսանյութ, լուսանկարներ)
Ստորջրյա ճանապարհներ, թռչող տաքսիներ և արձակուրդ տիեզերքում. Երկիր մոլորակի ապագայի վերաբերյալ փորձագետներն այսպիսի կանխատեսում են արել իրենց զեկույցում, գրում է Daily Mail-ը:
Փորձագետների համաձայն՝ թռչող տաքսիները, միջատներով սնվելն ու ստորջրյա ուղիները 50 տարի անց՝ 2069 թվականին, կդառնան մեր ամենօրյա կյանքի բաղկացուցիչ մասը:
Հաղորդվում է, որ TechUK-ի նախագահ և Կոդավորման ինստիտուտի համանախագահ Ժակլին դե Ռոխասի, Ինժեներության թագավորական ակադեմիայի ինժեներության և կրթության գծով տնօրեն, դոկտոր Ռայս Մորգանի և ֆուտուրիստ Մորգեյն Գեյի կազմած զեկույցը կազմվել է հարավկորեական Samsung ընկերության պատվերով և նշանավորում է Samsung KX-ի՝ Լոնդոնի Քինգ Քրոսում մանրածախ խանութի բացումը, որտեղ կանցկացվեն տեխնոլոգիական, ինչպես նաև առողջության և բարեկեցության վերաբերյալ դասընթացներ:
Զեկույցում նշվում է, որ թռչող տաքսիները և ավտոբուսները կօգտագործվեն գերբնակեցված քաղաքներում՝ խցանումներից խուսափելու համար, մինչդեռ դեպի հեռավոր վայրեր ճանապարհորդությունները կիրականացվեն արագընթաց հրթիռների միջոցով՝ Լոնդոնի և Նյու Յորքի միջև տևողությունը հասցնելով մինչև 30 րոպեի:
Ըստ փորձագետների՝ կգործարկվեն նաև ստորջրյա տրանսպորտային համակարգեր, որոնք կօգտագործվեն Մեծ Բրիտանիան, մայրցամաքային Եվրոպան և այլ շրջաններ միմյանց կապելու համար:
Առողջապահության ոլորտում վիրտուալ խնամակալները կդառնան սովորական երևույթ, որոնք մարդու առողջական վիճակին կհետևեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում և կկարողանան նրանց հիվանդության ախտանիշներն ու հիվանդի վիճակը ներկայացնել ցանկացած լեզվով, իսկ միջատները կդառնան սպիտակուցի հիմնական աղբյուր:
«Հաջորդող 50 տարիների ընթացքում կգրանցվեն ամենամեծ տեխնոլոգիական փոփոխությունները և նորամուծությունները»,- հայտնել է զեկույցի հեղինակներից մեկը:





















