Բրիտանական թանգարանն Իրաքին է վերադարձրել գողացված հնագիտական առարկաների ամենամեծ հավաքածուն
Բրիտանական թանգարանն Իրաքին է վերադարձրել հնագիտական առարկաների ամենամեծ հավաքածուն, որը նախկինում գողացվել էր երկրից և հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի տարածքում, գրում է Times-ը:
Գտածոների վերադարձման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին Լոնդոնում Իրաքի դեսպանատանը: Վերադարձված հավաքածուն ներառում է սեպագիր արձանագրություններով 156 կավե տախտակ, որոնցից մի քանիսն ավելի քան 4000 տարվա պատմություն ունեն: Դրանք վարչական փաստաթղթեր, նամակներ, դպրոցական տեքստեր և մաթեմատիկական հաշվարկներ են:
Պարբերականի տվյալներով՝ 2011թ.-ին մաքսային ծառայություններն Արաբական Միացյալ Էմիրություններից Մեծ Բրիտանիա բերված բեռ են առգրավել: Փաստաթղթերում բեռը գրանցվել է որպես «ձեռքով արված կավե փոքրիկ սալիկներ», այն մի քանի հարյուր ֆունտ ստեռլինգ է գնահատվել:
Գտածոները հանձնվել են Բրիտանական թանգարանին՝ դրանց արժեքը գնահատելու համար: Ենթադրվում է, որ հնագիտական առարկաները գողացվել են տեղի բնակիչների կողմից՝ 2003թ.-ին և Իրաքից ԱՄԷ են տարվել:
«Շատ երախտապարտ ենք Մեծ Բրիտանիայի թագավորական հարկային և մաքսային ծառայություններին, Բրիտանական թանգարանին և Արտաքին գործերի նախարարությանը: Գողացված գանձերի վերադարձն Իրաքի բնակչության և կառավարության համար առաջնահերթություն է»,- ասել է Միացյալ Թագավորությունում Իրաքի դեսպան Սալիթ աթ Թամիմին:










