Հոնկոնգի ցույցերի ֆոնին Telegram-ի օգտատերերը սեփական ինքնությունը թաքցնելու հնարավորություն կստանան
Telegram մեսենջերի օգտատերերը հնարավորութուն կստանան թաքցնելու սեփական հեռախոսահամարը, այդ թվում՝ այն օգտատերերից, որոնց հեռախոսահամարները գրանցված են իրենց մոտ, գրում է Reuters գործակալությունը:
Այս ֆունկցիան կհայտնվի մեսենջերի թարմացումից հետո՝ մի քանի օրից: Դրա նպատակներից մեկն է հնարավորություն տալ Հոնկոնգում ցույցերին մասնակցող օգտատերերին թաքցնել սեփական ինքնությունը չինական հատուկ ծառայություններից:
Ներկա պահին Telegram-ը թույլ է տալիս իմանալ մեկ այլ օգտատիրոջ հեռախոսահամարը, եթե այն գրանցված է տվյալ օգտատիրոջ հեռախոսում:
Հոնկոնգում արդեն մի քանի ամիս շարունակվող զանգվածային ցույցերի մասնակիցներից ոմանք կարծում են, որ իշխանություններն օգտագործել են հեռախոսահամարների ընդհանուր բազան, ավելացրել իրենց կոնտակտների ցանկում և ցույցերի ընթացքում ստուգել հեռախոսահամարները:
Reuters-ի աղբյուրը կարծում է, որ մեսենջերն ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Հոնկոնգի և Չինաստանի իշխանությունններն այդ կերպ կարող են պարզել ցուցարարների ինքնությունը:










