Անձնակազմի անդամներին հաջողվել է փրկել, 34 ուղևոր անհետ կորած է համարվում. մանրամասներ ԱՄՆ-ի ափերի մոտ ամբողջովին հրդեհված նավից
CNN հեռուստաալիքը մանրամասներ է հրապարակել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափերի մոտ առևտրային նավի վրա բռնկված հրդեհի մասին:
Ներկա պահի դրությամբ հնարավոր է եղել փրկել անձնակազմի 5 անդամի, նրանք չնչին վնասվածքներ են ստացել, մինչդեռ 34 ուղևոր անհետ կորած է համարվում: Զոհերի մասին պաշտոնապես չի հայտարարվում:
«Նրանք անհետ կորած են: Ողբերգության վայրում ուժեղ մառախուղ է: Մենք դեռ հույս ունենք, որ ուղևորներից որևէ մեկին հաջողվել է ափ հասնել: Մեզ մնում է միայն հուսալ, սակայն պետք է պատրաստ լինենք վատթարագույնին»,- ասել է Սանտա Բարբարա շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մայք Էլիասոնը:
ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ահարոն Բեմիսի խոսքով՝ փրկարարներին չի հաջողվել մտնել նավի ներքին խցիկ, որտեղ 34 մարդ է գտնվել: Նավն ամբողջությամբ այրվել է:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է 23 մետր երկարությամբ, 1981թ.-ի արտադրության Conception նավի վրա: Ողբերգության վայրում հրշեջ-փրկարարական աշխատանքները շարունակվում են:










