Հունաստանը ներգաղթյալների «վիթխարի հոսքի» դեմ պայքարելու համար արտակարգ միջոցներ է ձեռնարկել
Հունաստանն ապաստան խնդրելու նպատակով Թուրքիայի տարածքից ժամանող ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակում արտակարգ միջոցներ կձեռնարկի, որպեսզի խուսափի 2015թ.-ին ստեղծված ճգնաժամի կրկնությունից, գրում է The Guardian-ը:
Արտակարգ միջոցները ներկայացվել են քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսի կողմից:
«Մենք հետևում ենք ներգաղթյալների վիթխարի հոսքին, որոնց աջակցում են մաքսանենգները՝ նոր մեթոդներով և ավելի արագ առագաստանավերով: Եթե իրավիճակը շարունակվի, մենք կկրկնենք 2015թ.-ին տեղի ունեցածը: Մենք միջոցներ կձեռնարկենք մեր սահմանները պաշտպանելու համար և շատ ավելի խիստ կլինենք դրանց գործի դրման հարցում»,- հայտարարել է նախարարը:
Հունաստանի իշխանությունները խոստացել են ուժեղացնել պարեկությունը երկրի ծովային սահմանների երկայնքով: Դա առաջին հերթին կարվի ապօրինի ներգաղթյալներ տեղափոխողների դեմ պայքարի համար: Իշխանությունները մտադիր են նաև այդ տարածքում պարեկային հսկողությունն ուժեղացնելու համար դիմել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:
Ներկայումս Հունաստանի ներգաղթյալների պահման ճամբարում, որը նախատեսված է 3000 մարդու համար, մոտ 11 000 մարդ է բնակվում: Նշենք, որ այս տարի Եվրոպա ժամանած 56 000 ներգաղթյալների ու փախստականների գրեթե կեսն այնտեղ է հասել հունական կղզիների տարածքով:










