Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ համընդհանուր գործադուլ և դասադուլ են հայտարարել (լուսանկարներ)

22:28 • 02.09.19

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ համընդհանում գործադուլ և դասադուլ են անում: Նրանք հավաքվել են «Թամար» զբոսայգում և պահանջում են իշխանություններից կատարել իրենց հինգ պահանջները՝ ներառյալ արտահաձնման օրենքում փոփոխությունների դիտարկման չեղարկումը, հաղորդում է CNN-ը:

Գործադուլի և դասադուլի կազմակերպիչը Հոնկոնգի արհմիությունների կոնֆեդերացիան է: «Մենք գործադուլի իրավունք ունենք: Մենք հավաքվելու իրավունք ունենք: Տասնյակ հազարավոր հոնկոնգցիներ «Թամար» զբոսայգում անհոգ կերպով օգտվում են իրենց այդ իրավունքից»,- ասված է կոնֆեդերացիայի թվիթերյան էջում:

Գործադուլ և դասադուլ անողների մեջ երեխաներ կան, ինչպես նաև ամեն տարիքի մեծահասակներ: Տեղի լրատվամիջեցների փոխանցմամբ՝ նրանք պարզապես նստած են զբոսայգու խոտածածկույթի վրա: Ի տարբերություն անցած հանգստյան օրերին տեղի ուենցած չարտոնված ցույցերի՝ այսօրվա ցույցը համաձայնեցված է ոստիկանության հետ:

Հիշեցնենք, որ շաբաթ Հոնկոնգի տարբեր հատվածներում կատաղի բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք դուրս են եկել չարտոնված բողոքի ակցիաների: Բախումները շարունակվել էին մինչև ուշ գիշեր:

Ցուցարարները ոստիկանների վրա նետել էին աղյուսներ և այլ օբյեկտներ, իսկ ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, նաև նախազգուշական կրակոցներ էին արձակվել օդ:

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից: