Հոնկոնգի իշխանությունները հերքել են հանգստյան օրերին բողոքի ակցիաների ընթացքում զոհերի մասին լուրերը

10:10 • 02.09.19

Հոնկոնգում անցած հանգստյան օրերին չարտոնված ցույցերի ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներից հետո հոսպիտալացվել է շուրջ 50 մարդ, սակայն նրանցից ոչ ոք չի զոհվել, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Հոնկոնգի վարչակազմի գլխավոր քարտուղար Չժան Ցզյանցզունի հայտարարությունը:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում հաղորդագրություններ էին տարածվել առ այն, որ Հոնկոնգում բախումների ընթացքում զոհեր են գրանցվել:

«Համապատասխան գերատեսչությունները հստակ պարզաբանում են տվել առ այն, որ հոսպիտալացված անձանցից ոչ ոք չի մահացել: Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել էր 49 մարդ, որոնցից 19-ը դեռևս մնում է հիվանդանոցում, 5-ը գտնվում են ծանր վիճակում, 14-ի վիճակը կայուն է»,- հայտնել է պաշտոնյան և կոչ արել չհավատալ զոհերի մասին շինծու լուրերին, որոնք ոչ մի կերպ չեն օգնի իրավիճակի կարգավորմանը:

Պաշտոնյան նաև դատապարտել է նման արարքը՝ այն որակելով «անպատասխանատու»:

Հիշեցնենք, որ շաբաթ Հոնկոնգի տարբեր հատվածներում կատաղի բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք դուրս էին եկել չարտոնված բողոքի ակցիաների: Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Ցուցարարները ոստիկանների վրա նետել են աղյուսներ և այլ առարկաներ, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, նաև նախազգուշական կրակոցներ է օդ արձակել:

Ավելի ուշ հաղորդվել էր 63 բերման ենթարկվածի մասին: Ձերբակալվածները 13-36 տարեկան քաղաքացիներ են եղել, նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել մետրոպոլիտենի երկու կայարաններում` անկարգությունների առնչությամբ:

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից: